Մատչելիության հղումներ

Պետությունը պարտադիրի 5 տոկոսը կվճարի ֆոնդերին․ «Դեմ եմ»-ը մտահոգ է


«Դ!եմ եմ» շարժման անդամները զգուշավոր են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` կառավարության առաջարկած նախագծին գնահատականներ տալու հարցում:

Նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ արժանացել է ԱԺ հավանությանը, այսօր քննարկումները շարունակվում են:

Շարժման անդամների մոտեցումները միանշանակ չեն: Գևորգ Գորգիսյանը, օրինակ, ընդունելով, որ նախագծում բացասականը գերակշռում է, դրականն էլ է տեսնում: Նրա կարծիքով, աշխատողը պահումները չկատարելու պահանջ-դիմումով կարող է գոնե ժամանակավորապես լուծել իր սոցիալական խնդիրները. - «Կոնկրետ ամեն մեկը իր գրպանի համար, իր կեցության համար պայքարի խնդիր»:

«Դ!եմ եմ»-ի մեկ այլ անդամ` իրավաբան Սրբուհի Ղազարյանը, մինչդեռ, խիստ բացասական կարծիք ունի նախագծի մասին`առնվազն անտրամաբանական համարելով, որ քաղաքացին ինքը պետք է դիմում ներկայացնի, որպեսզի իրենից գումար չպահեն. - «Պատկերացրեք այսպիսի մի անհեթեթ իրավիճակ, երբ դուք գնաք ցանկացած կոմերցիոն բանկ և դիմում գրեք, որ հրաժարվում եք տվյալ բանկի կողմից գովազդվող և մատուցվող, ասենք, ավանդային հիպոթեքից օգտվելուց: Համաձայնեք, որ առնվազն զավեշտ է հիշեցնում»:

Շարժման անդամները շատ լավ հասկանում են, որ ոչ բոլորն են դիմումներ գրելու. ոմանք կվախենան կորցնել աշխատանքը, ոմանք էլ, մասնավորապես մարզերի բնակիչները, գուցե ընդհանրապես չիմանան այդ մասին` վատ իրազեկման պատճառով: «Դ!եմ եմ»-ը պատրաստ է աջակցել բոլորին:

«Կսատարենք ինչով կարող ենք մեր ուժերի ներածի չափով, մինչև իսկ իրավաբանական օգնություն, դատարան կմտնենք իրենց հետ միասին գործատուի դեմ», - մանրամասնում է Գորգիսյանը, - «Ոչ միայն ինտերնետով տարածել դիմումի ձևերը, այլև հիմնարկներ գնալ, փողոցում մարդկանց բաժանել այդ ձևերը, որպեսզի բոլորին դա հասանելի լինի»:

Շարժման անդամների մոտ տարակուսանք է առաջացրել նշված նախագծով սահմանված մեկ այլ կետ, համաձայն որի պետությունը շարունակելու է կատարել իր պարտավորությունը և բյուջեից աշխատավարձի 5 տոկոսը փոխանցել ֆոնդերին` անկախ այն բանից, թե քաղաքացին կուտակային վճար կանի՞, թե՞ ոչ:

«Դ!եմ եմ»-ի անդամներն այստեղ վտանգ են տեսնում. նրանց կարծիքով, իշխանությունները այդկերպ պարզապես փորձում են հաճոյանալ միջազգային կառավարիչներին:

«Մարդկանց համար բացվելու են ֆոնդեր, ամեն մեկի համար: Անկախ նրանից դու դիմում ես գրել, որ դուրս գաս, թե` չէ: Սա ես տեսնում եմ որպես նախանշան, որ գալիք օրենքը, որը մշակվելու է, մեջը ընդգրկելու է այս տարրը, որ գումարներն ամեն դեպքում գնալու են դուրս: Ես սա շատ վատ եմ համարում, որովհետև մեր երկիրը այնքան հարուստ չէ, որ միլիոնավոր գումարներ ուղարկի դուրս», - ասաց Գորգիսյանը:

Սրբուհի Ղազարյանը հավելեց․ - «Իրավական տիրույթում չի գտնվում այս հարցը: Ես կարծում եմ պետությունը և նախկին իշխանավորները հասարակության մեջքի ետևում պարտավորություններ են ստանձնել տվյալ ֆոնդերի հանդեպ և այդ պարտավորությունները, ցավոք սրտի, կապացուցեն հերթական անգամ, որ այս օրենքը ոչ միայն հակասոցիալական է, այլ նաև հակապետական: Այդ դրույթով գումարների արտահոսքը դեպի արտերկիր շարունակվելու է և վերադառնալու են երկիր այդ գումարները արդեն վարկային պորտֆելների տեսքով՝ լրացուցիչ բեռ սահմանելով երկրի վրա և դեռևս չծնված սերնդի վրա»:
XS
SM
MD
LG