Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կառուցողական բանակցություններ վարել


ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի 20-ամյակի կապակցությամբ հայտարարություն են տարածել՝ տարածաշրջանի ժողովուրդներին կոչ անելով խորհել անցած երկու տասնամյակի ժառանգության մասին:

«Զինադադարի համաձայնագրով ավարտվեց պատերազմը, վերջ տրվեցին նախորդ տարիների ողբերգական բռնություններին և ստեղծվեց խաղաղության տանող բանակցությունների անցկացման հիմք: Զինադադարի համաձայնագրի շնորհիվ Ադրբեջանի և Հայաստանի նոր սերունդը մեծացավ առանց պատերազմի արհավիրքները տեսնելու: Կողմերը պետք է անեն հնարավորը ապագա սերունդներին նման փորձառությունից զերծ պահելու համար»,- ասված է Ջեմյս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հայտարարությունում:

Համանախագաները, սակայն, նաև նկատում են, որ հրադադարի համաձայնագիրը չլուծեց հիմնախնդիրը.- «Այն Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները թողեց օկուպացված և չկարողացավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում առաջընթացի ճանապարհ տրամադրել: Վերջնական կարգավորման բացակայության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին, սահմանին և շփման գծում կա իրավիճակի սրացման մշտական սպառնալիք, իսկ որոշ մարդկանց մոտ մոլորություն ծագեց, որ ստատուս քվոն կարող է հաստատուն լինել և ձգվել անորոշ ժամանակ»:

«Կողմերը պատրաստակամություն չեն հայտնում համանախագահ երկրների ընձեռնված հնարավորությունները օգտագործելու և խաղաղության գործընթացում անհրաժեշտ առաջընթաց գրանցելու համար քաղաքական որոշումներ կայացնելու: Մենք այդ հիմնախնդրի հարցում միասնական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք օգնել կողմերին խաղաղ կարգավորման հասնելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և Հելսինկիյան ամփոփիչ ակտի հիմքով խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք մասնավորապես վերաբերում են ուժ չկիրառելուն, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասված է եռյակի հայտարարությունում:

Նրանք նաև շեշտում են, որ կարգավորումը պետք է ընդգրկի տարրեր, որոնք առկա են համանախագահ երկրների նախագահների 2009-2013 թթ. արված հայտարարություններում, և որոնք ընդգրկում են ԼՂ-ի շրջակա տարածքների վերադաձը, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, անվտանգության և ինքնորոշման երաշխիքներ, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք, ինչպես նաև ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին որոշում, բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ առաքելություն:

«Նոյեմբերին մենք տեսանք երկխոսության հեռանկարային վերսկսում ամենաբարձր մակարդակով: Մենք կողմերին կոչ ենք անում կառուցողական, բարեխիղճ բանակցություններ վարել՝ այդ տարրերի հիման վրա հիմնախնդիրը կարգավորելու նպատակով: Նման կարգավորումն անհնար կլինի առանց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև վստահության և փոխըմբռնման: Մենք կողմերին կոչ ենք անում աշխուժացնել քաղաքացիների միջև երկխոսության ծրագրերը և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցները` խաղաղության գործընթացն ամրապնդելու համար: Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են խաղաղ և ապահով ապրելու, և մենք պատրաստ ենք օգնել: Կողմերը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` խաղաղություն ապահովելու համար: Երբ նրանք դա անեն, կստանան ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության ողջ աջակցությունը»,- եզրափակում են Մինսկի խմբի համանախագահները:
XS
SM
MD
LG