Մատչելիության հղումներ

Գյումրիի զորահանդեսը ռուսերեն և հայերեն լեզուներով անցկացվեց


Ռուսական զորքի մասնակցությամբ Գյումրու զորահանդեսը ռուսերեն եւ հայերեն լեզուներով անցկացվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
25 տարվա ընդմիջումից հետո Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացավ առաջին հայ-ռուսական համատեղ զորահադեսը՝ նվիրված Մեծ Հայրենականի հաղթանակի 69-րդ տարեդարձին:

Շքերթի անցկացման նախաձեռնությունը ռուսական կողմինն էր: Որոշվել է, որ այսուհետ ամեն տարի մայիսի 9-ին Գյումրիում հայկական ու ռուսական զորքերի համատեղ մասնակցությամբ անցկացվի նման զորահանդես:

Թեև շքերթը վարողները նախ հայերեն էին հայտարարում, հետո ռուսերեն, ամեն դեպքում շքերթի մասնակից զինվորականներին առաջին հրամանը հնչեց ռուսերեն։ Նախ հրապարակ բերվեց Մեծ Հայրենականի հաղթական դրոշը։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբավորման հրամանատարական կազմն ընդունեց շքերթը։

Առաջին ողջույնը հայերեն էր, հետո ռուսերեն։ Զորահանդեսն ընդունեց Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբման ու ուժերի հրամանատար գեներալ լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ով և դիմեց հավաքվածներին:

«Այսօր մեզ համար եռակի տոն է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-ամյակը, Շուշիի ազատագրումը և արցախյան բանակի ստեղծումը, ինչ կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ»,- ասաց Գրիգորյանը։

Շքերթը մեկնարկեց, և առաջինը հենց Մեծ Հայրենականի վետերաններն անցան հրապարակով, հետո հայկական զորամասերի զինծառայողները, նոր միայն ռուսական բազայի:

Զինվորականներից հետո զինտեխնիկան մտավ հրապարակ՝ ընդամենը չորս տեսակ, որոնց մեջ էր նաև Մեծ Հայրենականի խորհրդանիշներից մեկը՝ հանրահայտ «Կատյուշան»։ Շքերթը մոտ 40 րոպե տևեց։ Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին շքերթը ողջունողների առաջին շարքերում չէր կանգնած։ Իսկ Շիրակ գեներալ մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը որոշել էր զինվորական համազգեստով ներկայանալ։

Շքերթին հետևած քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ հիմա որոշվեց անցկացնել շքերթ զինտեխնիկայի ներգրավմամբ, ու ռուսական կողմը ի՞նչ էր ուզում ասել կամ ապացուցել։

«Սրանով Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը Հայաստանի կողքին է կանգնած։ Սա և ռազմական, և դիվանագիտական, և հոգեբանական պատասխան է Արևմուտքին, որը օգտվելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, ցանկություն ունի բավական մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ կատարել նաև Հարավային Կովկասում»,- ասաց քաղաքագետը։

Շքերթին 1000-ավոր գյումրեցիներ էին հետևում։ Շատերը հիշում ու համեմատում էին խորհրդային տարիներին անցկացված շքերթներն ու այսօրվանը: Ոմանք կարծում էին, որ այս տարվանից շքերթի անցկացումը ուղիղ կապ ունի Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հետ։

«Երևի ռուսները ուզեցան ապացուցել, որ մեր անկախությունը ինչ էլ լինի իրենցից է կախված։ Ես էդքանը հասկացա»,- ասաց մի գյումրեցի։
XS
SM
MD
LG