Մատչելիության հղումներ

Իրակլի Ղարիբաշվիլի. «Վրաստանի դռները բաց են թուրք ներդրողների համար»


Թուրքիայի ու Վրաստանի նախագահներ Աբդուլա Գյուլը և Գեորգի Մարգվելաշվիլին համատեղ մամուլի ասուսլիում: Թբիլիսի, 7-ը մայիսի, 2014 թ.
Թուրքիայի ու Վրաստանի նախագահներ Աբդուլա Գյուլը և Գեորգի Մարգվելաշվիլին համատեղ մամուլի ասուսլիում: Թբիլիսի, 7-ը մայիսի, 2014 թ.
Թուրքիան և Վրաստանը առաջիկայում է'լ ավելի կխորացնեն առանց այդ էլ սերտ կապերը: Սա է Աբդուլա Գյուլի` Թբիլիսի կատարած պետական այցի թերևս գլխավոր արդյունքը:

Թուրքիայի Հանրապետության ղեկավարի այցը հաջորդեց Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների` երեկ կայացած գագաթաժողովին: Այսօր առավոտյան արդեն Աբդուլա Գյուլը Վրաստանի նախագահի Հավլաբարում գտնվող նստավայրում էր, որտեղ նրան դիմավորեց Գեորգի Մարգվելաշվիլին:

Մի քանի ժամ տևած բանակցությունների ավարտին երկու նախագահները համատեղ մամուլի ասուլիս հրավիրեցին, որի ընթացքում հնչեցված գլխավոր ուղերձը մեկն էր. - «Թբիլիսին և Անկարան որևէ խնդրում լուրջ տարաձայնություններ չունեն»:

«Մեծ երախտապարտությամբ պետք է արձանագրեմ, որ Թուրքիան աջակցում է Վրաստանին այն ամենակարևոր խնդրում, որ ծառացած է մեր երկրի առջև: Խոսքը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին է: Թուրքիան շատ հստակ քաղաքականություն է որդեգրել նաև [ինքնահռչակ հանրապետությունների] չճանաչման հարցում: Պետք է նաև արձանագրել, որ պաշտոնական Անկարան լրջորեն աջակցում է մեր երկրի` եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում», - նշել է Վրաստանի նախագահը:

Աբդուլա Գյուլի համոզմամբ` վրաց-թուրքական հարաբերությունները է'լ ավելի կսերտանան, երբ Թբիլիսին ասոցացման համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ:

«Մենք միշտ աջակցել ենք Վրաստանի` ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու ձգտմանը: Հետագայում այս աջակցությունը ևս չի թուլանա: Շուտով Վրաստանը նաև Ասոցացման համաձայնագիր կկնքի Եվրամիության հետ, ինչը ևս շատ կարոևր մի զարգացում է, որը մեր լիակատար աջակցությանն է արժանանում», - հայտարարեց Աբդուլա Գյուլը` հավելելով. - «Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականության գաղափարին, ապա Թուրքիան պաշտպանում և ճանաչում է այն: Մենք համոզված ենք, որ այս խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

Առանցքային մյուս թեման, որ քննարկում էր Աբդուլա Գյուլն իր թբիլիսյան այցի ընթացքում, երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումն էր: Այդ մասին առավել հանգամանորեն թուրքական և վրացական կառավարությունների ներկայացուցիչները խոսեցին երեկ երեկոյան` երկկողմ տնեսական համաժողովի շրջանակներում: Դիմելով բիզնես ֆորումի թուրք մասնակիցներին` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց. - «Որպես Վրաստանի վարչապետ, ես վստահեցնում եմ ձեզ. եթե դուք որոշել եք Վրաստանում բիզնեսով զբաղվել, ապա մեր երկրի դռները բաց են ձեզ համար: Վրաստանում այսօր իրապես ազատ, թափանցիկ ու անվտանգ ներդրումային մթնոլորտ է: Վրաստանում ներդրված ձեր յուրաքանչյուր ցենտը պաշտպանված կլինի պետության և օրենքի կողմից: Բարեկամությունը, իհարկե, ամենի հիմքում է, սակայն ներդրողի համար պակաս կարևոր չեն հավատն ու ազնվությունը»:

Տնտեսական թեմաները չշջրջանցեցին նաև Աբդուլա Գյուլն ու Գեորգի Մարգվելաշվիլին` այսօր առավոտյան կայացած բանակցությունների ընթացքում: Նախագահների ուշադրության կենտրոնում էին հիմնականում խոշոր ենթակառուցվածքային և տրանսպոտպորտային ծրագրերը:

«Երկկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները իրոք շատ ծավալուն են: Լուրջ անդրազգային ծրագրեր կան, որ իրականացվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ: Մենք նավթատարեր, գազատարեր և երկաթուղիներ ենք կառուցում: Սա լուրջ լիցք կհաղորդի այն բոլոր ծրագրերին, որ իրականացվում են թե' եվրոպական և թե' ասիական ուղղություններով», - ասաց Մարգվելաշվիլին:

Վերջում հավելենք, որ երկօրյա թուրք-վրացական բանակցությունների թեմաներից մեկը Կարս-Ախալքալաք երկաթուղու ձգձգվող շինարարությունն էր: Երեկ կայացած գործարար համաժողովի ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, սակայն, վստահեցրել է դրա մասնակիցներին, թե այս երկաթգիծը շահագործման կհանձնվի մինչև 2015 թվականի ավարտը:
XS
SM
MD
LG