Մատչելիության հղումներ

Կառավարության լրամշակած նախագիծը կրկին անպատասխան հարցեր է թողնում


Կառավարության լրամշակած նախագիծը կրկին անպատասխան հարցեր է թողնում
please wait

No media source currently available

0:00 0:06:15 0:00
Ազգային ժողով այսօր ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) բնորոշմամբ՝ մի շարք հարցերի պատասխան չի տալիս:

«Ըստ կառավարության պատկերացման, կասեցնելով միայն պատասխանատվություն առաջացնող հոդվածը, իրենց թվում է, որ սրանով դե ֆակտո կասեցնում են պարտադիր բաղադրիչը: Սակայն դա այդպես չէ, որովհետև թեկուզ ձևական, բայց պահպանվում է գործատուի պարտավորությունը կատարելու հաշվարկ և փոխանցում», - ասաց Մինասյանը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող երկու նախագիծ է խորհրդարան ներկայացրել: Երկուսն էլ պարտադիր վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար տույժերից ազատելու վերաբերյալ: Առաջին նախագծով առաջարկում էին կասեցնել օրենքի՝ տույժեր նախատեսող 76-րդ հոդվածի գործողությունը: Իսկ այսօրվա նախագծով այդ հոդվածն առաջարկվում է ներառել օրենքի անցումային դրույթներում, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 30-ից:

«Կտրականապես մերժում ենք այս մոտեցում», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Դաշնակցության երեկվա լավատեսությունն այսօր հօդս էր ցնդել: Մինասյանն ասաց, որ քառյակը քննարկում է իրենց հեղինակած փոփոխություններն արտահերթ նիստում խորհրդարան բերելու հարցը:

Ոչ իշխանական ուժերը, հիշեցնենք, չէին շտապում իրենց այդ նախաձեռնությունը առաջ մղել՝ սպասելով կառավարության բարի կամքին:

«Բանակցություններին մասնակցել եմ ես, և հստակ էր իրենց մոտեցումը, որ, այո, չեն կարող իրենք ամբողջությամբ մեր մոտեցումը ընդունել, բայց ընդունում են, որ պարտադիր բաղադրիչը պետք է վերածվի կամավորի: Սակայն, ինչպես տեսանք, այսօր բերված նախագիծը որևէ աղերս չուներ այն արդյունքի հետ, որը բանակցությունների ընթացքում արձանագրվել էր: Սա ևս մեկ անգամ փաստում ու հաստատում է մեր այն մտահոգությունն ու մտավախությունը, որ փորձ են անում շարունակել իրենց հակաիրավական վարքագիծը: Դրա համար է, որ ասում եմ՝ մեր պայքարը մենք պետք է շարունակենք», - ասաց Մինասյանը:

Ոչ իշխանական ուժերի խոսքով՝ իրենց նախագծով կասեցվում է օրենքի ամենավիճահարույց՝ պարտադիր բաղադրիչը, լուծվում է գործատուների մոտ պահվող, ինչպես նաև արդեն կառավարիչներին, հիմնադրամներին փոխանցված գումարների ճակատագիրը:

«Հաշվի առնելով աշխատանաքային օրերի խիստ սահմանափակ լինելը՝ ամենայն հավանականությամբ կքննարկվի, օրինակ, մայիսի 5-ին արտահերթ նիստի միջոցով խնդրի բարձրաձայնումը և օրակարգում համապատասխան օրենքի ներառումը: Այն, թե իբր տուգանքները կասեցվում են, դա հարցի լուծում չէ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Չնայած ընդդիմադիրների փաստարկներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պնդեց, թե կառավարության հեղինակած նախագծով կատարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումը, պարտադիր բաղադրիչը դե ֆակտե կասեցվում է․ - «Դա, ըստ էության, վարչապետի հայտարարությունից հետո առաջին քայլն է»:

«Ազատության» հարցին, թե կարող են արդյոք մարդիկ չվճարել պարտադիր բաղադրիչը, նախարարն արձագանքեց․ - «Առաջարկվող օրենքի նախագծով առաջարկում ենք այն որոշումը, որը կայացված էր Սահմանադրական դատարանի որոշմամբ, երկարաձգել այս դեպքում արդեն օրենքով․․․ Ըստ էության դե ֆակտո կասեցվում է բաղադրիչը կուտակային: Բայց դուք պիտի նաև նկատի ունենաք, որ կան աշխատողներ, քաղաքացիներ, և կան գործատուներ, որոնք իրենց հայեցողությամբ են նաև իրականացրել այս ընթացքում այդ պարտադիր կուտակային վճարումները: Եվ ներկայացված օրենքի նախագիծը, փաստորեն, նախորդող ժամանակահատվածի համար առաջարկում է ազատել պատասխանատվությունից չկատարած վճարումների համար, և շարունակել դրույթի կասեցումը մինչև ամբողջական փաթեթի ընդունումը»:

«Ազատության» կոնկրետ հարցին, թե այսուհետ չվճարելու դեպքում ինչ կսպառնա աշխատողին, նախարարը պատասխանեց՝ ոչինչ: Նա ասաց նաև, որ չվճարող աշխատողի գործատուն նույնպես որևէ պատասխանատվության չի ենթարկվի:

Իսկ հարցին, թե կանջատվի արդյոք Պետեկամուտների կոմիտեի ներդրած համակարգը, որ հունվարի 1-ից աշխատողի կամքից անկախ կուտակային վճարներ է հաշվարկում, Ասատրյանը բացասական պատասխան տվեց․ - «Դա լրացուցիչ առաջացնելու է բարդություններ հետագա վերահաշվարկի իրականացման հետ կապված: Քանի որ ՍԴ որոշման մեջ հստակ պահանջ կա ամրագրված, որպեսզի հետագայում անդրադարձ կատարվի նախկին պարտավորությունների և կատարված վճարումների վերահաշվարկի հետ կապված խնդիրներին, դրա համար ավելի ճիշտ ենք համարում, որպեսզի տեղեկատվությունը լինի ամբողջական․․․ Դա տեղեկատվական բազայում տեղեկատվության արտացոլումն է, որը կապ չունի պահել և փոխանցելու հետ»:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ համակարգը կարող է հաշվարկել կուտակային վճարները, բայց աշխատավարձից պահում անելը պարտադիր չէ․ - «Քանի որ տվյալ դեպքում մենք գործ ունենք գործատուի և վարձու աշխատողի փոխադարձ նաև ցանկության հետ, այլևս այդ խնդիրը լուծում է ստանում հենց այդ դաշտում: Այսինքն՝ պարտավորություն կամ պատասխանատվություն օրենքով չի ամրագրվելու»:

Սպասվում է, որ կառավարության ներկայացրած նախագծի շուրջ վաղը խորհրդարանում թեժ քննարկում կծավալվի:
XS
SM
MD
LG