Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Առայժմ կդադարեցնենք ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով կապերի հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում, որդեգրել է ՆԱՏՕ-ն: Այսօր ՆԱՏՕ-ն շանտաժային քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ անդամ-պետությունների ողջ ճակատով՝ ի ցույց դնելով, որ վերջին ամիսներին նրանք ծայրահեղ դժգոհ են Ռուսաստանի գործողություններից»,- ասել է Բորդյուժան:

«ՌԻԱ Նովոստի»-ին հիշեցնում է, որ ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի՝ դաշինքը մտադիր է լրացուցիչ զորամիավորումներ ներգրավել մարտական պատրաստականությունը մեծացնելու նպատակով, ինչպես նաև վերանայել պաշտպանական ծրագրերը՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով:

Նիկոլայ Բորդյուժայի այսօր հայտարարությունը ֆոնին ուշագրավ է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի Երևանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների:

«Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերությունները մնայուն են, այն հանձնառությունները, որոնք պայմանավորված են համագործակցության համապատասխան ոլորտներում զարգացման առումով, մնալու են և մենք այդ միջոցառումները իրականացնելու ենք մինչև վերջ»,- Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին ասաց Օհանյանը:

Ապրիլի 1-ին գերմանական հեղինակավոր «Շպիգել» հանդեսը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրեց, թե Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ: Ընդ որում, յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել։ Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը:
XS
SM
MD
LG