Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը մեղադրանքներ են փոխանակում


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ, Ժնև, 17 ապրիլի, 2014թ.
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ, Ժնև, 17 ապրիլի, 2014թ.
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները միմյանց մեղադդրում են ժնևյան համաձայնությունը խախտելու համար։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երեկ վաղ առավոտյան Սլավյանսկ քաղաքի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է առնվազն երեք և վիրավորվել է ևս երեք մարդ։

Ռուսաստանի պետական լրատվամիջոցներն էլ պնդում են, որ զոհվել է հինգ մարդ, այդ թվում երեք ռուսամետ ակտիվիստ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե այդ միջադեպը վկայում է, որ «ուկրաինական կողմը չի կատարում ազգայնականներին և ծայրահեղականներին զինաթափելու մասին խոստումը»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսօր ասուլիսում խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին, ասել է, թե Կիևի իշխանությունները կամ չեն կարող, կամ չեն ցանկանում իրագործել Ժնևի համաձայնագիրը։

Ռուսամետ ակտիվիստներն ասում են, թե ունեն ապացույցներ, որոնք վկայում են, որ Սլավյանսկի մոտ տեղի ունեցած միջադեպը «Աջ սեկտորն» է կազմակերպել։ «Աջ սեկտորն» իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածը ծրագրել և իրականացրել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները։

Սլավյանսկի ինքնահռչակ «քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարևը պարետային ժամ է հայտարարել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել է խաղաղապահներ ուղարկելու կոչով։ Նա ասել է, թե Սլավյանսկի վրա ուկրաինացի ազգայնականներն են հարձակվել և սպառնացել է հաջորդ նման գրոհի դեպքում կոշտ հակահարված տալ։

Այսօրվա դրությամբ ռուսները վերահսկում են Ուկրաինայի տասը ռուսախոս շրջանների պետական շենքերը։

Երեկ Սուրբ Հարության տոնի առիթով վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևի Սուրբ Նիկողայոսի տաճարում դիմել է Ուկրաինայի ժողովրդին։

«Առաջին անգամ Ուկրաինան Հարության տոնը նշում է` պայքարելով երկրի քայքայումը և ոչնչացումը հետապնդող ծրագրերի դեմ։ Բայց այս սուրբ օրը ես ձեզ հավատացնում եմ` եթե մենք միասնական լինենք, լույսը կհաղթի խավարի ուժերին և Ուկրաինան հարություն կառնի»,- ասել է Յացենյուկը։

Այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը երկօրյա այցով ժամանել է Կիև, որտեղ վաղը բանակցելու է Ուկրաինայի ղեկավարների` նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովի, վարչապետ Յացենյուկի և Գերագույն ռադայի պատգամավորների հետ։

Վաշինգտոնը հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ կսահմանի նոր պատժամիջոցներ այն դեպքում, եթե Մոսկվան շարունակի Ուկրաինայի ապակայունացումը։

Որքան սրվում է իրավիճակը, այնքան ավելի հաճախ են Արևմուտքում խոսում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու և միջազգային ասպարեզում այդ երկիրը մեկուսացնելու մասին։

Ամերիկացի սենատոր Բոբ Քորքերն առաջարկել է պատժամիջոցների թիրախ դարձնել ռուսական էներգետիկայի հսկային` «Գազպրոմ» ընկերությանը, ավելացնելով, թե ուկրաինացիներին ռուսների դեմ մեն-մենակ թողնելն անխղճություն է։

Սենատոր Քրիս Մերֆին էլ ասել է, որ եկել է նավթի և գազի արդյունաբերության ռուսական ընկերություններին և բանկերին ամենակոշտ քայլերով պատժելու ժամանակը։

«Եթե ռուսներին թույլ տալ այնպես վարվել, ինչպես նրանք վարվեցին Ուկրաինայի հետ, ապա նրանց հաջորդ հաջորդ թիրախը ՆԱՏՕ-ի անդամ պետությունը կդառնա»,- ասել է Մերֆին։

Անդրադառնալով այդ սպառնալիքներին, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, թե մեկուսացումը երբևէ լավ բանի չի հասցնում։

«Մեկուսացման մասին բոլոր խոսակցություններն ի վերջո ավարտվում են մեկուսացման ենթակա երկրի հետ բանակցություններով։ Կարծում եմ, Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացնելու փորձերը ոչ մի հեռանկար չունեն, քանի որ պարզապես անհնարին է Ռուսաստանը մեկուսացնել մնացած աշխարհից»,- ասել է Լավրովը։

Նախօրեին Արսենի Յացենյուկը զրուցել է NBC հեռուստակայանի թղթակցի հետ։

«Նախագահ Պուտինը երազում է Խորհրդային Միությունը վերականգնելու մասին, նա ամեն օր ավելի և ավելի հեռուն է գնում, և Աստված գիտի, թե որտեղ կանգ կառնի»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG