Մատչելիության հղումներ

Հարությունյան․ Բարեփոխումների հայեցակարգում կան «վիճելի կետեր»


Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան
Վերլուծաբանները պատահական չեն համարում կառավարության հրաժարականի, ներքաղաքական զարգացումների և Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգի հրապարակման զուգադիպությունը:

Հնարավո՞ր է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանը դառնա խորհրդարանի նախագահ: Այս առնչությամբ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․- «Սահմանադրական բարեփոխումները չպետք է ոչ մեկնաբանվեն և ոչ էլ ուղղված լինեն որպես, ենթադրենք, նախագահի պաշտոնավարման ժամկետի ինչ-որ ձևով երկարացման հնարավորություն ընձեռող կամ ինչ-որ անձանց համար գրվեն: Պետք է գրվի այնպիսի Սահմանադրություն, այնպիսի բարեփոխումներ իրականացվեն, որոնք ծառայելու են Հայաստանի հանրապետությանը, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ հայեցակարգում «կան վիճելի կետեր»: Նա պատրաստվում է այդ հարցերին անդրադառնալ հանրային քննարկումների ժամանակ:

«Հայաստանում առկա քաղաքական խնդիրները հնարավո՞ր է լուծել սահմանադրական բարեփոխումներով», - «Ազատության» այս հարցին ի պատասխան սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Երկրում առկա խնդիրների պատճառը ոչ այնքան Սահմանադրությունն է, որքան այն ճիշտ ընկալելն ու ճիշտ կիրառելը: Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում ու ճիշտ չի կիրառվում Հայաստանում: Հետևաբար որևէ նշանակություն չի ունենա, թե դրա մեջ ինչ է գրված, միևնույնն է՝ սխալ է հասկացվելու»:

Պետական կառավարման հետ կապված խնդիրները սահմանադրական փոփոխությունների շնորհիվ լուծելու փորձերը իրավաբանության դոկտորը այսպիսի օրինակով մեկնաբանեց․- «Մեր Սահմանադրությունը նման է մի մեքենայի, օրինակ, ասենք, ամենավերջին դասի Մերսեդեսի, որը մենք մեծ գումարներով ձեռք ենք բերում Գերմանիայից, բայց մենք չգիտենք, որ դա մեքենա է, ունի շարժիչ, կարող է շարժվել, և կարելի է արագ տեղաշարժվել: Քանի որ մենք չգիտենք դա օգտագործելու ձևը, սկսում ենք այդ Մերսեդեսը ձիերով քաշել: Ու, փաստորեն, այդքան ծախսն ու այդ լավ մեքենան, որ պիտի իրականում մեզ օգուտ բերեր, օգուտ չի բերում, որովհետև մենք դրա օգտագործման ձևը չգիտենք»:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում հիմնական առաջարկներից մեկը դատական եռաստիճան համակարգից անցումն է երկաստիճան համակարգի՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այս հարցի կապակցությամբ, ասաց, թե խնդիրներ է տեսնում․ - «Ես ինքս հակված չեմ երկաստիճան համակարգի, համարում եմ, որ եռաստիճան դատական համակարգն է, որ պիտի լինի Հայաստանում: Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ինստիտուտին, ես ունեմ շատ լուրջ վերապահումներ, որովհետև սոցիալական կապերը այնպիսի հասարակությունում, որտեղ հանրության կապերը շատ սերտ են, ես մտահոգություն ունեմ, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը կգործի որպես անկախ մարմին: Եվ ավելի լավ է չգնալ այդ ճանապարհով»:

Գոռ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 1995 թվականին ևս փորձ արվել է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ կարգավորել դատական համակարգի հետ կապված հարցերը: Սակայն, 2005 թվականի բարեփոխումների հետևանքով Սահմանադրության նախկին տեքստից հանվել էր երդվյալ ատենակալների ինստիտուտին վերաբերող ձևակերպումը:

«Հիմնական պատճառաբանությունը դրա աննպատակահարմարության այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է և դժվար է ցանկացած գործով գտնել երդվյալներ, որոնք տուժողի կամ ամբաստանյալի հետ բարեկամական, ընկերական կամ այլ տեսակի կապի մեջ չլինեն: Եվ հիմա, երբ որ առաջարկվում է երդվյալ ատենակալների ինստիտուտը, ոչ մի հիմնավորում չկա հայեցակարգում, որ մենք կարողանանք հասկանալ՝ ինչո՞ւ է նորից սահմանադիրը ուզում մտադրությունը փոխել և ներմուծել այդ դրույթը», - ասում է նա:

Երկաստիճան դատական համակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ սահմանադրական իրավունքի մասնագետն ասաց, որ խնդիր չի տեսնում: Եթե երկաստիճան դատական համակարգում էլ արդարադատությունը լինի այնպիսին, ինչպիսին հիմա է, ըստ իրավաբանության դոկտորի, որևէ իմաստ չեն ունենա սահմանադրական փոփոխությունները:
XS
SM
MD
LG