Մատչելիության հղումներ

Արվեստագետները մեծ ակնկալիք չունեն նոր կառավարությունից


Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ձևավորվելիք կառավարության մշակութային քաղաքականությանն այսօր լրագրողներին հետ հանդիպմանն անդրադարձել են Հենրիկ Իգիթյանն ու Ռուբեն Բաբայանը:

Մանկական գեղագիտական կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը համոզմունք հայտնեց, թե հարկավոր է ուսումնասիրել, թե ինչ դեր ենք ուզում ունենալ համամարդկային ասպարեզում․ - «Պարզել ե՞նք մեզ համար, թե որ շուկայի համար մենք ինչ ունենք հրամցնելու: Ասենք, եթե մենք Դուբայ ուզում ենք արվեստի գործ տանենք, այն, ինչ պիտի Զալցբուրգ տանենք, Դուբայ պետք չէ տանել: Եվ հակառակը»:

Իգիթյանը շեշտեց, որ իր ղեկավարած կենտրոնի սաները արդեն 40 տարի շարունակ իրոք հիացնում են իրենց աշխատանքներով ողջ աշխարհին: Սակայն արդյո՞ք մեր պաշտոնյաները գալիս են դիտելու նրանց աշխատանքները:

«Մեր երեխաներն աշխարհում մրցակից չունեն: Մենք արդեն հոգնել ենք առաջին տեղ գրավելով․․․ Բայց ահավոր դժվար վիճակում ենք», - ցավով արձանագրեց նա:

Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը առհասարակ սպասելիք չունի կառավարությունից․ - «Մտավորականի խոսքը պետք է ուղղված չլինի կառավարությանը․․․ Հասարակությունը պետք է ազդի կառավարության վրա, որպեսզի նա կատարի այն, ինչ պետք է»:

Բաբայանը, այդուհանդերձ, ցանկալի է համարում, որ կառավարությունը մշակութային ծրագիր ունենա․ - «Բացատրի, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան: Որտե՞ղ է տեսնում: Ես նկատի չունեմ պրիմիտիվ բաժանում՝ Մաքսային միություն կամ Եվրամիություն: Ես ուզում եմ իմանալ՝ արժեքային ի՞նչ համակարգում ենք մենք տեսնում Հայաստանը: Ինչի՞ համար ենք մենք ընդհանրապես այստեղ ապրում՝ այս երկրում: Մինչև այս հարցի պատասխանը մենք չտանք, մենք արտագաղթի դեմը չենք առնի: Այդ հարցի պատասխանը մենք չունենք»:

Իգիթյանի համոզմամբ՝ մեզանում քաղաքականությունը մի խումբ մարդկանց ձեռքին է արդեն 20 տարուց ավելի․ - «Նույն մարդիկ են, մի հատ կլուբ են ստեղծել․․․ Իմ գործունեության համար այդ կլուբը ոչ մի դեր չունի»:

Ռուբեն Բաբայանը զուգահեռներ անցկացրեց Սալտիկով-Շչեդրինի հայտնի ստեղծագործության հետ․ - «Եվ իրենք նստած էին և մտածում էին մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի՝ ինչպե՞ս իրենց երկրում փոխել ամեն ինչ՝ ոչ մի բան չփոխելով: Ինձ թվում է սա շատ է մեզ վերաբերվում․․․ Իրականում մենք փորձում ենք ձև անել, որ ինչ-որ բան փոխում ենք: Համակարգը թողնում ենք նույնը, ներքին հարաբերությունները, ներքին բովանդակությունը նույնն ենք թողնում: Եվ հետո զարմանում ենք, թե ինչու այդ համակարգը չի աշխատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG