Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը քննում է եզդիների բողոքը Մանվել Բադեյանի դեմ


Եզդիները պահանջում են պատասխանատվության ենթարկել Մանվել Բադեյանին․ հանրապետական պատգամավորը հրաժարվում է ներողություն խնդրել նրանցից:

Հիշեցնենք՝ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, լսելով «7 օր» ինտերնետային կայքի լրագրողի հարցը, թե արդյոք օրենքի խախտում չէ՞, որ հայկական հեռուստաալիքով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հեռարձակվում է ռուսերենով, պատասխանել էր․- «Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարց տա՞ք։ Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա»: Հայաստանում ապրող եզդիները պնդում են, որ պատգամավորը վիրավորել է ողջ եզդի ժողովրդին, և, ինչպես այսօր փոխանցեց «Սինջար» եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազին, եթե անգամ պատգամավորը ներողություն խնդրի՝ իրենք էթիկայի հանձնաժողով ներկայացրած դիմումը հետ չեն վերցնելու․- «Մեզ փաստը արձանագրել է անհրաժեշտ, իսկ ներողություն խնդրելը՝ կարծում եմ արդեն ժամանակավրեպ է»:

Էթիկայի հանձնաժողովն այսօր լսեց եզդիներին: Հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ հաջորդ անգամ բացատրությունների համար կհրավիրեն Մանվել Բադեյանին: Մինչ այդ Բադեյանի կուսակից ընկերը հրաժարվում է գնահատել եզդիների մասին գործընկերոջ խոսքերը:

«Մենք՝ երկու ժողովուրդներս, դարերով եկող բարեկամներ ենք և որևէ խնդիր մենք չունենք, ինչի մասին նաև բազմիցս ասել է պարոն Բադեյանը: Դրա համար ես որևէ որակում չեմ ուզում հնչեցնել, որպեսզի այլ ձև չընկալվի խոսքը», - այս առնչությամբ ասաց Սահակյանը:

Մանվել Բադեյանը պնդել էր, թե նկատի է ունեցել միայն փողոցներն ավլող եզդիներին ու շեշտել, որ լրագրողները պետք է ավելի բարձր մակարդակ ունենան: Այս բացատրությունը, սակայն, ավելի է զայրացրել Եզդիների ազգային կոմիտեն ներկայացնող Սաշիկ Սուլթանյանին:

«Մանվել Բադեյանը հաջորդ իր մեկնաբանության ժամանակ որևէ կոնկրետ ճշտում կամ փաստերի հերքում չի կատարել, ուղղակի իր խոսքը շարադրել է մեկ այլ եղանակով», - արձանագրում է նա, - «Մենք խնդիր չունենք հասկանալու՝ ինչո՞ւ է ասել, ուզեցե՞լ է ասի, չի՞ ուզեցել ասի: Հիմա մեզ կարևոր է ուղղակի գնահատականը»:

Մանվել Բադեյանը մեզ հետ զրույցում էլ վերահաստատեց՝ ներողություն խնդրելու մտադրություն չունի:

«Որևէ միտում ես չեմ ունեցել որևէ եզդու վիրավորել, և իրենք էլ դրա մասին շատ լավ գիտեն արդեն, տեղեկացված են: Իսկ ապակողմնորոշող լուրեր տարածողները թող իրենք մտածեն», - մեկնաբանեց Բադեյանը:

Մեր դիտարկմանը, թե՝ եզդիները չեն պատրաստվում դիմումը հետ վերցնել Աժ էթիկայի հանձնաժողովից, պատգամավորն ասաց՝ «իմ պնդմամբ, ես էլ կողմնակից չեմ, որ հետ վերցնեն»:

Միայն այս դեպքում, ըստ պատգամավորի, կբացահայտվի ճշմարտությունը ու ինքն էլ պատրաստ է ներկայանալ հանձնաժողովի նիստին և կրկնել, որ որևէ եզդու չի վիրավորել:

Հայաստանում բնակվող 40 հազարից ավելի եզդիներին ներկայացնող երիտասարդները, մինչդեռ, հակադարձում են՝ էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ պետք է ոչ թե իրավիճակն ավելի բարդացնի, այլ լուծում տա այս խնդրին, այսինքն՝ արձանագրի, որ խորհրդարանում դրսևորվել է պատգամավորին ոչ հարիր վարք: Հատկապես, որ Էթիկայի հանձնաժողովը հայտարարությունից բացի որեւէ այլ իրավասություն չունի, ասենք՝ չի կարող ստիպել պատգամավորին, որ ներողություն խնդրի:

Մինչ այդ հայաստանաբնակ եզդիները հիշեցնում են՝ Բադեյանին զուգարանի թուղթ են նվիրել, եթե հանձնաժողովը եզրակացություններ չանի՝ նոր նվերներ կլինեն:

«Դա պատասխան էր: Եթե ինքը ցանկանում է պատասխան՝ կարող է տալ դատարան: Բայց չենք կարծում, որ սա այնպիսի քայլ էր, որը համեմատության մեջ դրվի ողջ ազգին վիրավորելու իր փորձի հետ», - մեզ հետ զրույցում ասաց Սաշիկ Սուլթանյանը:
XS
SM
MD
LG