Մատչելիության հղումներ

Խոտի դեզի գործով մեղադրյալները համաներմամբ ազատ արձակվեցին


Խոտի դեզի գործով մեղադրյալները համաներմամբ ազատ արձակվեցին
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Շուրջ կես տարվա ազատազրկումից հետո այսօր Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, բայց ոչ թե արդարացման դատավճռով, այլ համաներմամբ։

Դատարանը չորսին էլ մեղավոր ճանաչեց խուլիգանության և խոտի դեզը այրելու փորձի համար և դատապարտեց 1-2.5 տարվա ազատազրկման։ Երիտասարդները շարունակում են պնդել, որ անմեղ են։

«Ոնց որ անմեղ մարդուն բռնեն, փակեն կես տարի, հետո ասեն՝ լավ, համաներում կա, դուրս արի, մի բան էլ շնորհակալ եղիր, որ շուտ ենք բաց թողնում»,- ասաց Մուղալյանը։

Գործում ներգրավված վկաները իրականում ոչինչ չեն տեսել ու դատարանի դահլիճում անգիր արած տեքստեր էին ասում, ասում է երիտասարդը։

Մյուս երեք երիտասարդներից զրուցեց միայն Գագիկ Առաքելյանը. ասաց, որ բանտում անցկացրած 6 ամիսը կորուսյալ ժամանակ է համարում։

«Լրիվ անիմաստ տեղը նստել եմ ու մինչև վերջ պայքարելու եմ, մինչև Եվրադատարան գնալու եմ, որպեսզի արդարացնեն։ Ինձ պետք չէր, որ ինձ համաներմամբ ազատեին»,- ասաց Առաքելյանը։

Արդարացման համար են պայքարելու նաև մյուս երիտասադները։ Արամ Մուղալյանն ասաց, որ ինքն էլ իր ընկերների պես հիասթափված է արդարադատության համակարգից, բայց միաժամանակ նշեց, որ հայրենիքից հիասթափվելու ու երկրից հեռանալու մասին չի խոսելու, ցանկանում է Հայաստանը դարձնել ավելի լավ երկիր։

«Դու մի հարցրու երկիրը ինչ կարող է անել քեզ համար, դու հարցրու դու ինչ կարող ես անել երկրի համար։ Հիմա երկիրը ինձ համար սա արեց, տեսնենք՝ ես ինչ կարող եմ անել»,- ասաց նա։

Թեև երիտասարդների ծնողներն ուրախ էին տղաներին ազատության մեջ տեսնել, փաստաբանները դատարանի վճռով ոգևորված չէին, ավելին՝ վճիռը «աբսուրդ» էին համարում.- «Հերթական անօրինական վճիռն է։ Սա մեղադրողի ճառի կրկնօրինակն է, որևէ կերպով չէր տարբերվում»։

Փաստաբանները կդիմեն Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, երիտասարդները կալանավայրում են հայտնվել ապրիլին։ Նրանց մեղադրում են Արմավիրի Նորապատ գյուղի բնակիչ եզդի Սիաբանդ Խուդոյանի տնից ոչ հեռու գտնվող խոտի դեզը հրկիզելու և խուլիգանության մեջ։ Ըստ մեղադրողի՝ երիտասարդները նման քայլի են դիմել իրենց առավելություններն ընդգծելու ու հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու նպատակով, թեև չեն ճանաչել գործով տուժող Խուդոյանին։
XS
SM
MD
LG