Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պատրաստ է «առանց նախապայմանների» քննարկել կուտակայինի հարցը


ՀՀԿ-ն պատրաստ է «առանց նախապայմանների» քննարկել կուտակայինի հարցը
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Իշխող քաղաքական ուժ հստակ պատասխան չի տալիս, թե ինչ զիջումների է պատրաստ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի շուրջ ստեղծված հակազդեցությունը թուլացնելու համար:

«Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ասաց, թե ցանկացած օրենք «քարացած դոգմա չէ, կարելի է քննարկել», բայց՝ առանց նախապայմանների:

Հիշեցնենք․ երբ անցած շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկխոսության հրավիրեց «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամներին, վերջիններիս պատասխանը հետևյալն էր․ եթե պարտադիր բաղադրիչը պիտի մնա, ապա քննարկման ցանկացած կետ ընդունելի չէ:

«Բոլոր ծավալվող քննարկումները պետք է լինեն՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը», - այսօր հայտարարեց Շարմազանովը:

Արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է պարտադիր բաղադրիչը հանել կուտակային կենսաթոշակային օրենքից: Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հարցին այսպես արձագանքեց․ - «Եթե հանում ենք «պարտադիր» բառը, մենք հնարավորություն կունենանք այդ ռեֆորմը իրագործելի տեսնել մոտ 150 տարի հետո»:

Երկրում վարվող սոցիալական քաղաքականության պատասխանու ուժի ղեկավար ներկայացուցիչը այսօրվա թոշակառուի օրը օր չի համարում․ - «Այսօրվա թոշակառուն, բնականաբար, բոլորս էլ գիտենք՝ եթե մեր ազգային տրադիցիաներով ընտանեկան միջավայրը չլինի, այդ թոշակով նույնիսկ չի կարող իր կոմունալ վարձերը վճարել»:

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունը երկու քարի արանքում է հայտնվել ու ցանկանում է իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալ․ - «Մեկ քարն այն է, որ փող է պետք, և երկրորդը՝ կա հասարակություն, որն ըմբոստանում է: Ընդ որում՝ կազմակերպված հասարակություն, որն աշխատում է չորս քաղաքական ուժերի հետ, և չորս քաղաքական ուժերը նաև դրա հիման վրա նախապատրաստում են կառավարության հրաժարականը»:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ազնիվ չի համարում քաղաքացիական հասարակությանը տարբեր խաղերի մեջ ներքաշելու փորձը: Նա հենց այդպես է գնահատում կառավարությունից հնչած երկխոսության առաջարկը․ - «Խնդիրը մեկն է՝ փորձել ներքաշել քաղաքացիական հասարակությանը, փորձել ներքաշել քաղաքական ուժերին ինչ-ինչ կոսմետիկ փոփոխությունների շուրջ երկխոսության: Ես ողջունում եմ քաղաքացիական ակտիվիստների դիրքորոշումը, որ նրանք ուղղակիորեն չներքաշվեցին կառավարության և նրա ղեկավարի շատ հայտնի մանիպուլյացիոն գործալաոճի մեջ»:

Արամ Մանուկյանի համոզմամբ, իշխանությանը չի հաջողվելու չեզոքացնել պարտադիրի շուրջ ստեղծված քաղաքացիական ու քաղաքական ճնշումը․ - «Ինչո՞ւ տրանսպորտի գինը մինչև հիմա չի թանկանում: Իրենց պետք չէ՞ թանկացնել: Շատ է պետք: Չեն կարող, վախենում են»:

Շարմազանովը պնդեց, թե օրենքին դեմ արտահայտվողների թիվը ոչ միայն անհանգստացնում իրենց, այլև ոգևորում է․ - «Դրականը մեր պետության նաև այն է, որ այս վերջին շրջանում, վերջին տարիների ձեռքբերումը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, այն է, որ քաղաքացիները իրենց երկրի տերերն են»:

Անդրադառնալով ՍԴ-ի կայացնելիք վճռին՝ Գալուստ Սահակյանն ասաց․ - «Կարծում եմ, որ մեր ուղղվածությունն այդ հարցում որևէ բանով չի հակասում Սահմանադրական դատարանին»:

Նույն առնչությամբ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ - «Դատելով իրենց խուսափողական պատասխաններից՝ ինձ համար ակնհայտ է, որ այս օրենքը այս կերպ գործելու է: Այսինքն պարտադիր դրույթը՝ այն, ինչի դեմ պայքարում ՝ քաղաքացիական հասարակությունը, ինչի դեմ պայքարում ենք մենք, ինչը մենք համարում ենք անընդունելի, չի փոխվելու: Չի փոխվելու, որովհետև, ես ասել եմ բազմիցս՝ գործող կառավարությանը կանխիկ, առձեռն փող է պետք: Շատ փող»:
XS
SM
MD
LG