Մատչելիության հղումներ

ԵՄ-ն գնահատել է Հայաստանի արձանագրած փոփոխությունները


Լիտվա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրամիության առաջնորդների հետ, 29-ը նոյեմբերի, 2013
Լիտվա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրամիության առաջնորդների հետ, 29-ը նոյեմբերի, 2013
Հինգշաբթի լույս է տեսել Եվրոպական միության հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որ գնահատում է 2013-ին Հայաստանի արձանագրած փոփոխությունները և առաջարկում քաղաքական բարեփոխումների ուղիներ:

Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել: Ճիշտ է` ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին բանակցությունները ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառով: Եվրամիությունը, սակայն, հավատարիմ է մնում Հայաստանի հետ առաջիկա համագործակցությանը:

Զեկույցը նշում է, որ թեև Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկում է, այդուամենայնիվ, դեռ օրենսդրության կիրարկման հետ կապված բավականին աշխատանք կա: Փետրվարի նախագահական ընտրությունները թեև լավ կազմակերպված էին, սակայն կային մտահոգություններ ընտրական ընթացքի հետ կապված։

«Չնայած շարունակական բարեփոխումներին` կա արդարադատության ոլորտի հանդեպ անվստահություն և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների պակաս: Այս տարի ևս զեկուցվել է ոստիկանությունում իրականացվող խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին»,- ասում են զեկույցի հեղինակները:

Այս տարվա առաջընթացի զեկույցը փաստում է, որ անցյալ տարվա Եվրամիության առաջարկներից ոմանք Հայաստանը փորձել է իրականացնել, մասնավորապես, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հետ կապված օրենքի առաջքաշման, արդարադատության և ընտրական օրենսդրության ոլորտներում:

Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ արձանագրելով, որ անցյալ տարի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների հանդեպ բռնությունները շատացել են:

Եվրամիության զեկույցը նաև կոչ է անում հետաքննել բռնությունների դեպքերը, կիրառել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առաջարկները` իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների կիրառումը կանխելու համար, բացահայտել 2008 թվականի մարտի իրադարձությունների զոհերի մեղավորներին և ոստիկանության այդ օրերի ապօրինությունները, հարգել կրոնի ազատությունը, հստակեցնել օրենսդրական բարեփոխումները, աշխատել Մեծամորի ատոմակայանի հնարավորին արագ փակման, ջանքեր գործադրել Մադրիդան սկզբունքների իրականացման շուրջ և խուսափել Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից:

«Հայաստանում մամուլի ազատությունը մնում է անբավարար, Հայաստանը թերացել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության զարգացման հարցում»,- նշում է Եվրամիության հարևանության ծրագրի տարեկան զեկույցը:

Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության մյուս երկրներին, ապա խիստ քննադատության են արժանանում Բելառուսն ու Ադրբեջանը:

Ադրբեջանում մտահոգություն են առաջացնում նախագահական ընտրությունները, մարդու իրավունքները, խոսքի և հավաքների ազատությունը, արդարադատությունը: Նույն ոլորտները խնդրահարույց են նաև Եվրամիության հետ շատ սահմանափակ հարաբերություններ ունեցող Բելառուսում:

Վրաստանի մասին զեկույցը բավականին դրական է արտահայտվում, արձանագրելով, որ Վրաստանը իրականացրել է առաջարկների ու բարեփոխումների մեծ մասը: Նախագահական ընտրությունները Վրաստանում միջազգային չափանիշներին համապատասխան են եղել, արդարադատության ոլորտը ավելի թափանցիկ դարձնելու քայլեր են արվում: Վրաստանում նաև մեդիա մթնոլորտն է բարելավվել, թեև «նկատելի են իսլամոֆոբիկ և հոմոֆոբիկ երանգներ»:

Մոլդովայում Եվրոպական միությունը մատնանշում է Մերձնդնեստրի խնդիրը, որի ուղղության պետք է քայլեր ձեռնարկվեն:

Ուկրաինային վերաբերող զեկույցը հայտնում է, որ անցյալ տարի օրենսդրության, ընտրությունների բարելավման նպատակով իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել, մամուլի ազատությունը վատթարացել է, իսկ լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստները ենթարկվել են հարձակումների և բռնությունների, հատկապես դեկտեմբերի վերջին և հունվարին կիևյան ցույցերի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG