Մատչելիության հղումներ

Պատգամավորները դատապարտում են Թուրքիայի գործողությունները Քեսաբում


Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ խստորեն դատապարտում են թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի Քեսաբում համայնքում՝ համարելով դա նոր մարտահրավեր՝ Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:

«Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը»,- ասված է պատգամավորների հայտարարությունում։

Հայտարարության տակ ստորագրել են ՀՀԿ խմբակցությունից Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը։

«Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»,- հայտարարում են պատգամավորները՝ միաժամանակ կոչ անելով Հայաստանի կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG