Մատչելիության հղումներ

«ԳԱՀԱ Էներջի»-ն երբեք «գյուղացիների դեմ չի գնա»


ՀԷԿ-ի ետևում կանգնած ընկերությունը սպասում է հատուկ հանձնաժողովի եզրակացությանը
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած աղմուկից հետո շինարարության հետևում կանգնած ընկերությունը՝ «ԳԱՀԱ Էներջի»-ն հայտարարեց, թե դադարեցնում է աշխատանքները։

Ընկերությունը պնդում է, թե երբեք գյուղացիներին դեմ չի գնա։ Թեև օրեր շարունակ պաշտոնյաները հերքում էին ՀԷԿ կառուցելու մասին գյուղացիների պնդումները, ընկերության հաղորդագրությունը հաստատեց, որ շինարարությունը սկսվել է ի վերջո ՀԷԿ կառուցելու համար։

Ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ քանի որ այդ տարածքում ոռոգման համակարգը վատ վիճակում է, ջրի կորուստները մեծ են, իր ընկերությունը ցանկություն ուներ ներդրումներ կատարելով՝ օգնել գյուղացուն։ Վերջում էլ՝ շահույթ ստանալ։

«Մենք այս պահին ՀԷԿ չենք կառուցում, որովհետև լիցենզիա չունենք: Եթե լիցենզիան պատրաստ չէ, կարող է վաղը լսումներից հետո ինչ-որ խնդիրներ առաջանան, ու մենք, ասենք, չկարողանանք այդ ամեն ինչը ավարտել, ի՞նչ իմաստ ունի այսօր ես մանրամասնեմ», - ասաց նա:

Հարցին, թե եթե կառավարական հանձնաժողովը եզրակացնի, որ այդ տարածքում ՀԷԿ չպետք է կառուցվի, ընկերությունը ինչպե՞ս է բարեգործական ներդրումները հետ բերելու, Խաչատրյանը պատասխանեց՝ այդ դեպքում ոչ մի շահ չենք ունենա․ - «Մայիսին էլ մենք վերակառուցում ենք արագահոսը: Հետագայում, եթե Հանրային ծառայությունները տալիս է մեզ լիցենզիան, մենք բնապահպանական լսումները անցնում ենք ու ՀԷԿ ենք կառուցում, մենք այդտեղից արդեն մեր շահը ունենք»:

«ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը, փաստորեն, նպատակ ուներ սկզբում ոռոգման համակարգը նորացնել, հետո արդեն ծախսած գումարները հետ բերել այդ համակարգի վրա կառուցվող ՀԷԿ-ի միջոցով։

Բնապահպան Ինգա Զարաֆյանն, ով կառավարական հանձնաժողովում է ներառված, քննադատում է այս մոտեցումը։ Նա հայտարարում է՝ եթե նույնիսկ ընկերությունը ոռոգման նոր համակարգ կառուցեր, դա օգուտ կբերեր ոչ թե գյուղացուն, այլ ընկերությանը։

Զարաֆյանն անձամբ է այցելել տարածք՝ հավաստիանալով, որ ընկերության խողովակաշարերը ոչ թե նպատակ են ունեցել փոխարինել ոռոգման հին համակարգը, այլ՝ դրանց կողքին նոր ցանց ձևավորել, որի վրա էլ հետագայում նոր ՀԷԿ կառուցվի․ - «Եվ ջուրը ոչ թե պետք է ամբողջությամբ նոր, վերակառուցված խողովակաշարով գնա, այլ պետք է միայն այն ջուրը գնա, որը նախատեսված է փոքր ՀԷԿ-ի համար, իսկ գյուղացիները հին խողովակներից՝ ամբողջ վթարներով, ամբողջ կորուստներով, կստանան ջուրը: Եվ ինչքան ջուր կստանան՝ մեծ հարց է»:

Զարաֆյանը խոստանում է իր եզրակացությունները փոխանցել այս հարցով ձևավորված հանձնաժողովին և առաջարկել պատասխանատվության ենթարկել շինարարության վրա աչք փակած և թույլտվություն տված պաշտոնյաներին, այդ թվում՝ Օհանավանի գյուղապետին։

Գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրեն իրականում ՀԷԿ-ի հարցով չեն դիմել, այլ՝ խողովակ անցկացնելու հարցով, գյուղապետարանն էլ 25 տարվա թույլտվություն է տվել ընկերությանը՝ առանց դրա նպատակներով հետաքրքրվելու։

Զառաֆյանի պնդմամբ, սակայն՝ դա ոչ մի կապ չունի համայնքի հետ:

«ԳԱՀԱ Էներջի» ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը նշում է, որ ինքը ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն դեռ չունի,և հիմա է միայն փորձում հավաքել այդ հարցով պահանջվող թղթապանակը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը դեռևս նման դիմում ընկերությունից չի ստացել։

Հարակից 7 գյուղերի բնակիչները խոստանում են՝ եթե ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն տրվի, կգնան մինչև վերջ ու անգամ երեխաներին փողոց կհանեն:
XS
SM
MD
LG