Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մասամբ բավարարել է Աբդուլա Օջալանի հայցն ընդդեմ Թուրքիայի


Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալան, 1995 թվական
Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալան, 1995 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակած վճռով մասամբ բավարարեց Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանի հայցն ընդդեմ Թուրքական Հանրապետության:

Իմրալի կղզու բանտում գտնվող քուրդ գործիչը, որին թուրքական իշխանությունները երկրի թիվ մեկ ահաբեկիչն էին անվանում, պահանջում էր իր ազատազրկման պայմանները եվրոպական չափանիշներին հակասող ճանաչել:

Օջալանը Իմրալի կղզում գտնվող բանտում է արդեն 15 տարի: 1999-ի աշնանը նա մեղավոր ճանաչվեց Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ և դատապարտվեց մահվան: Հետագայում սակայն Օջալանի պատժաչափը մեղմացվեց, փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ` առանց բողոքարկման իրավունքի:

Ուշագրավ է, որ դատարանը նախ և առաջ բավարարեց Օջալանի բողոքի հենց այն հատվածը, որ վերաբերում էր բողոքարկման իրավունքին: Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարի ներկայացրած հայցի այս հատվածը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ամբողջությամբ` կոչ անելով թուրքական իշխանություններին մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափի մեկնարկից որոշ ժամանակ անց բողոքարկել վճիռը` վաղաժամ պայմանական ազատ արձակման հեռանկարով:

Hurriyet-ի գնահատմամբ՝ սա եվրոպական դատարանի երեկ կայացրած վճռի առանցքային դրույթն էր:

«Դատավորները պնդում են, որ ցմահ ազատազրկման դատապարտված մարդուն բանտը վաղաժամ լքելու հնարավորությունից զրկելը «խստացված բանտարկություն» է»,- գրում է թերթը` մեջբերելով դատարանի վճռից մի հատված որտեղ նշված է.- «Բանտում հայտնվելը չպետք է վերածվի դժոխքի դարպասներից մուտք գործելուն»:

Մեկ այլ թուրքական պարբերականի՝ Zaman-ի գնահատմամբ էլ՝ Օջալանի դատավճռի բողոքարակմանը վերաբերող հատվածն «իր էությամբ բացառիկ էր».- «Դատարանը հստակորեն մատնանշում է, որ ազատազրկման վճիռը չի կարող անբեկանելի լինել, ինչը նշանակում է որ ցմահ ազատազրկման դատապարտված որևէ մեկը չի կարող զրկվել մի օր ազատության մեջ հայտնվելու հեռանկարից»,- գրում է թերթը։

Եվրոպական դատարանը երեկվա վճռում նաև նշում էր, որ Օջալանի ազատազրկման առաջին 10 տարիներին քուրդ անջատականների առաջնորդի բանտային պայմանները հակասել են միջազգային չափանիշներին: Այդ իսկ պատճառով Թուրքական Հանրապետությունն, ըստ այս վճռի, պետք է 25 հազար եվրոյի փոխհատուցում վճարի Օջալանին: Հետաքրքրական է սակայն, որ ինքը՝ Օջալանը, դրամական փոխհատուցման որևէ պահանջ չէր ներկայացրել, և վճռի այս կետը զուտ եվրոպացի դատավորների նախաձեռնությունն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG