Մատչելիության հղումներ

Նախարարը զգուշացնում է՝ գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության


Նախարարը զգուշացնում է՝ գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ֆինանսների նախարարը զգուշացնում է` բոլոր այն գործատուները, ովքեր արդեն պարտադիր կուտակային պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, բայց այդ գումարները չեն փոխանցի գանձապետարանում բացված միասնական հաշվին, կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության:

Ըստ Դավիթ Սարգսյանի` գործատուն այդ կերպ վնասում է աշխատողին, և հետևաբար պետությունն էլ որոշել է պաշտպանել աշխատողին:

«Հարց է ծագում՝ եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարելու այդ հաշվին, ապա դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումարը և, կոպիտ ասած, այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում, այն դեպքում, եթե այդ գումարները փոխանցված լինեն, նույն տոկոսը, եկամուտը կստանան աշխատակիցները։ Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»,- ասաց նախարարը։

«Ազատության» դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանը գործատուներին վճարումներ չկատարելու պարագայում մինչև վերջնական վճռի կայացումը ազատել է պատասխանատվությունից, և այդ դեպքում ինչպե՞ս է կառավարությունը պարտավորեցնում այդ վճարումները կատարել, Դավիթ Սարգսյանը արձագանքեց.- «Ես չեմ ուզում մեկնաբանել և իրավունք էլ չունեմ մեկնաբանել ՍԴ-ի որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում՝ այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև... բայց կա նաև հետևյալ հարցը, եթե գործատուն ձեզանից, ինձանից, այլ աշխատողներից գումարը գանձել է և պահել է իր հաշվին, իրավո՞ւնք ունի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե՞՝ ոչ, և արդյոք գործատուն դրա համար կրո՞ւմ է պատասխանատվություն իր աշխատակիցների առջև։ Պատասխանը այստեղ միանշանակ է՝ այո՛, կրում է նման պատասխանատվություն, և պետությունը, աշխատողների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները և, կոպիտ ասած, իրենք չստանան դրա տոկոսները, եկամուտները»։

Ի դեպ, ֆինանսների նախարարն այդպես էլ չհստակեցրեց, թե պահումներ արած և վճարումներ չկատարած գործատուները կոնկրետ ո՞ր օրենքով են պատասխանատվության ենթարկվելու.- «Չգիտեմ, ես կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասացի ձեզ, ես իրավաբան չեմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, Հայաստանի ֆինանսների նախարարությունը և կառավարությունն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն համատեղ հաղորդագրություն են տարածել՝ հիշեցնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն»:

«Կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»,- ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով, չնայած ՍԴ-ի այն որոշմանը, որ պարտադիր կուտակային վճարների չկատարումը ազատում է պատասխանատվությունից, ֆինանսների նախարարությունը պնդում է՝ աշխատողների աշխատավարձերից պահված գումարները պետք է փոխանցվեն հատուկ բացված հաշվին, հակառակ դեպքում կպատժվեն:

Մինչդեռ կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր դրույթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ դիմած քաղաքական ուժերից դաշնակցական պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արծվիկ Մինասյանը պնդում է՝ այն, ինչ անում են նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն, հակաօրինական է և հակասահմանադրական, և դրա համար վաղ, թե ուշ պատասխան են տալու:

«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, մեր աշխատակիցներին ոչ մի փոխանցում չանել, ոչ մի ֆոնդի ընտրություն չիրականացնել։ Որևէ պատասխանատվություն չի առաջանա, և խնդրում եմ, դիմում եմ գործատուներին, կոնֆլիկտի մեջ մի մտեք ձեր աշխատակիցների հետ, սա կառավարության և իշխանության հերթական հնարքն է՝ փորձել կոնֆլիկտը տեղափոխել գործատու-աշխատող հարաբերություններ, որպեսզի իրենք տաք բլիթները ուտեն»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ այժմ պետական մարմինները բացահայտ ապատեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե գործատուների մեծ մասը փոխանցել է գումարները կամ պահումներ է արել։ Իշխանությունը նաև իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով փորձում է ներկայացնել, թե իբր համակարգը անխափան գործում է, նկատում է Մինասյանը։

«Եթե խոսքը այն գործատուների մասին է, որոնք պահումներ են իրականացրել, բայց չեն փոխանցել որևէ հաշվեհամարի, նրանք փորձում են այս քայլով պարտադրել, որ գործատուները կատարեն փոխանցումը և որպեսզի ՍԴ-ում նույն կառավարությունը կանգնի և հպարտորեն ասի՝ տեսեք, թեև կասեցրել եք պատասխանատվություն առաջացնող նորմը, բայց գործատուներն ու աշխատողները կամավոր վարքագիծ են դրսևորել։ Դրա համար ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատողներին՝ մի ենթարկվեք այդ սադրանքներին, մի ընտրեք ֆոնդեր, մի փոխանցեք գումարներ, որևէ պատասխանատվություն դրա համար չեք կրելու»,- ասաց պատգամավորը։
XS
SM
MD
LG