Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի նոր շրջան է սկսում


Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի նոր շրջան է սկսում. երեքշաբթի ներկայացնելով իր տարեկան ուղերձը՝ նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ մեկնարկում է Հայաստանի ազատագրման համար պայքարը, և այս անգամ առաջադրված նպատակին հասնելու է, քանի որ նախկինում թույլ տված սխալներից դասեր է քաղել։

Ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդը կոչ արեց բողոքելու փոխարեն պատրաստ լինել պայքարի։ Պետք է ձևավորել պայքարի միասնական հրապարակ, ասաց նա։

«Թանկագին հայրենակիցներ, համաքաղաքացիներ, անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն քաղաքական և քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, մեր ազատության, ինքնիշխանության և ազգային շահի»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը խոստովանեց, որ կարոտել էր քաղաքացիներին։ Ամփոփելով վերջին մեկ տարին՝ հատկապես ուշադրություն հրավիրեց տեղի ունեցած թանկացումներին էլեկտրաէներգիայի, գազի ոլորտներում։ Խոսեց կենսաթոշակային նոր համակարգից, կայանատեղիների վճարներից, մեկ բառով այս ամենը նա բնութագրեց որպես ռեկետ։

Հովհաննիսյանը իր ելույթում ներկայացրեց նաև նախագահական ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում իր արած սխալները։ Նա ասաց՝ ներկայիս ընտրական համակարգով իշխանափոխություն հնարավոր չէ, հարկավոր է այլ մոտեցում։

Նա խոսեց նաև միջազգային կառույցների զեկույցներից՝ ասելով, որ դրանք պարզապես ամեն անգամ արձանագրում են մեկ քայլ առաջընթաց և աչք են փակում իրական խախտումների վրա։ Անդրադարձավ նաև հետընտրական զարգացումներին՝ նշելով, որ չկարողացան օգտագործել հնարավորությունը և ժողովրդի մեջ կուտակված մեծ դժգոհությունը չվերածեցին առարկայական պայքարի։ Բայց առաջիկա պայքարով կքավեն մեղքերը, խոստացավ Հովհաննիսյանը։

««Ժառանգությունը» և ազատ, անկախ Հայաստանի մյուս զրահակիցները չեն լքել մարտադաշտը, վերակազմակերպման այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու և ավելի զորեղանալու համար է, քանի դեռ խոչընդոտը տակավին հաղթահարված չէ։ Սա է «զադնի չկայի» հեռահար կանոնը»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն՝ հավելելով, թե իրենց պայքարից ետ պահելը անհնար է։

Հովհաննիսյանը անդրադարձավ նաև շաբաթ օրը Սերժ Սարգսյանի՝ Երկրապահ կամավորականների միության համագումարում արտահայտած մտքին՝ «միայն զենքով կա փրկություն»։

«Ատելության չափաբաժինը այնքան խտացվել է, բարձրացել է մեզ մոտ, և հիմնական պատասխանատուն նա է, որ շատերը մտածում են այդ խոսքի ի կատար ածման մասին։ Եվ քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին»,- ասաց Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ իշխանափոխության համար մղվելիք պայքարը հնարավոր համարեց։ Նա նշեց, որ դա ժամանակի պահանջն է՝ հավելելով, որ չորս ուժեր արդեն իսկ համագործակցում են կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարում, գազային համաձայնագրերի հարցով են համագործակցել և այդ հիմքի վրա էլ այժմ փորձելու են շարունակել փոխգործակցությունը։

«Բավականին ռիթմիկ քաղաքական զարգացումներ են սպասվում, և քաղաքական ուժն էլ պետք է անպայման մասնակցի, նախաձեռնի, ուղղորդի»,- ասաց Հակոբյանը։

Ի դեպ, սպասվում էր, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով պետք է հանդես գար Ազատության հրապարակում, մինչդեռ ընտրեց երևանյան հյուրանոցներից մեկի դահլիճը։ Այն հարցին, թե արդյոք փոշմանե՞լ են, քանի որ քիչ մարդ կհավաքվեր հրապարակում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ հանրահավաք չեն ցանկացել անցկացնել, իսկ հրապարակը զիջել են նույն ժամին այնտեղ հանրահավաք անել ցանկացող գործընկերներին։ «Ազատության» այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունն» առաջիկայում հանրահավաք կհրավիրի՞, նա պատասխանեց.- «Գարնանը որևէ մի օր, և արդեն հանրահավաքներ կան ու կան, ես կարծում եմ՝ այն որակը, որ տեսնում ենք, պատկերացնում, դա ոչ միայն քանակի, այլ որակի նոր պահանջարկ է, և մենք կտեսնենք ոչ միայն գլխավոր հրապարակը, այլ բոլոր խաչմերուկները, մեր բոլոր օջախները»։

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին։ Իսկ իր այսօրվա ուղերձն այսպես եզրափակեց՝ «կիսատ մնացած գործը պետք է հասցնել ավարտին, արժե ապրել մինչև ապրիլ»։
XS
SM
MD
LG