Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու առաջադրվելու պայմանների հնարավոր վերանայումը կասկածներ է առաջացրել


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ իշխանությունները որոշել են փոխել նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները՝ կոնկրետ անձանց ընտրվելու հնարավորությունն ապահովելու համար։

Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

Ուշագրավ է, որ այժմ իշխանությունները որոշել են քննարկման առարկա դարձնել Սահմանադրության այս պահանջը, և չի բացառվում, որ այդ տասը տարվա շեմը նվազեցվի։

Իշխանությունները հղում են կատարում Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ դեռևս երկու տարի առաջ արված առաջարկներին, որոնց համաձայն այդ տասը տարվա պահանջը անհամաչափ է։

Այսօր «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ժամանակին իր մաշկի վրա է զգացել այս հարցը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության հենց 50-րդ հոդվածը կիրառեցին իր դեմ և տասը տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով թույլ չտվեցին և 2003-ին, և 2008-ին մասնակցել նախագահական ընտրություններին։

Հովհաննիսյանի համոզմամբ՝ եթե այն ժամանակ Սահմանադրության այս դրույթի թիրախը ինքն էր և իր նմանները, ապա այժմ այդ սահմանափակման իմաստը չկա։ Իսկ թե ինչու են հիմա որոշել փոփոխել Սահմանադրության այդ պահանջը, ապա ընդդիմադիր գործիչը չի բացառում, որ այդ կերպ վարչակազմը ցանկանում է լուծել իշխանությունը փոխանցելու հարցը։

«Թե կոնկրետ անձանց է վերաբերում այս մտադրությունը, չեմ բացառում, բայց ես կարծում եմ, որ եթե կար պետական դե յուրե իշխանական կամքը սա փոխելու, սա կարող էինք փոխել տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, բայց պահել են սա մինչև այս պահը, և չի բացառվում, որ նպատակաուղղված է կոնկրետ անձանց։ Նայում են, թե իշխանության հերթափոխը իրենք ինչպես են դիտարկում մի քանի տարի անց, թե ինչպես պետք է փոխանցեն իրենց այս իշխանական վիճակը»,- ասաց Հովհաննիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով այս խնդրին, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները և աշխարհագրական դիրքը, քաղաքացիության և մշտական բնակության տասը տարվա ցենզը պետք է պահպանվի։ Զոհրաբյանը չցանկացավ ասել, թե ինչ նպատակով է իշխանությունը հանկարծ որոշել անդրադառնալ այս հարցին՝ նշելով, որ նախ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է հիմնավորումներ ներկայացնի՝ ինչու է ցանկանում նվազեցնել տասը տարվա շեմը։

«Այլևս չփորձենք Սահմանդրությունը հարմարեցնել այս կամ այն անձին, ինչը արվել է բազմիցս։ Այդ ավանդույթը՝ Սահմանադրությունը պարբերաբար ձևել ինչ-որ մեկի վրայով կամ ինչ-որ մեկի համար, սա ժողովրդավար լինել ցանկացող երկրին հարիր մոտեցում չէ»,- ասաց Զոհրաբյանը։

Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ՝ իշխող վարչակազմը այսօր սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը նախաձեռնել է ոչ թե ավելի ժողովրդավարական սահմանադրություն ունենալու, այլ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու նպատակով։ Իսկ այն, որ իշխանություններն այսօր հղում են անում եվրոպական կառույցներին՝ արդարացնելով, թե դա նրանց պահանջն է, ապա, ըստ Արման Մուսինյանի, դա «ընդամենը ծխածածկույթ է՝ հանցավոր նպատակները թաքցնելու համար»։

«Պատճառը շատ հստակ է. Սերժ Սարգսյանը իր գոյությունը տեսնում է միայն իշխանության վերարտադրման պարագայում՝ շատ պարզ գիտակցելով, որ այնքան մեծ վնասեր, կործանարար, հանցավոր քայլեր է կատարել, որ խնդիր ունի իրեն ապահովագրելու։ Իսկ ապահովագրման լավագույն միջոցն է հնարավորինս երկար իշխանության մնալը։ Ստացվում է, որ յուրաքանչյուր տասը տարին մեկ, իշխանության վերարտադրումն ապահովելու համար այս ռեժիմը փորձում է վերաձևել Սահմանադրությունը, ինչը երկրի համար կարող է իսկապես կործանարար հետևանք ունենալ»,- ասաց Մուսինյանը։
XS
SM
MD
LG