Մատչելիության հղումներ

Կարդիականացվի Պարոնյանի անվան թատրոնի լուսաձայնային տեխնիկան


Armenia- theatre faces
Armenia- theatre faces
Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանն «Ազատության» հետ զրույցում պատմում է թատրոնի առաջիկա ծրագրերի մասին:

Ղազանչյանը լուծման կարիք ունեցող ամենակարևոր խնդիրն է համարում բեմի սարքավորումների, մասնավորապես ձայնային ու լուսային արդիական տեխնիկայի արդիականացումը:

«Բոլորովին վերջերս նախագահի անմիջական հովանավորությամբ, աջակցությամբ վերանորոգվեցին մեր թատրոնի սրահը, փորձասենյակները, ճեմասրահները, աթոռները և այլն: Հիմա գալիս ենք ամենակարևորին` ձայն և լուսային տեխնիկա: Ընդհանրապես բեմի բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները այս տարի պիտի կանգնենք վերանորոգման: Հուսով եմ, որ հունիս-հուլիս կսկսվեն արդեն: Հիմա աշխատում է ավստրիական կազմակերպությունը` նույն կազմակերպությունը, որն օպերայում արեց», - ասաց նա:

Անդրադառնալով թատրոնի խաղացանկին` Երվանդ Ղազանչյանն ասաց, որ ունեն երկու տասնյակից ավելի ներկայացումներ` թե' դասական, թե' ժամանակակից հայ և արտասահմանյան հեղինակների:

Վերջերս թատրոնը հանդիստեսի դատին է ներկայացրել Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը, քիչ ավելի վաղ «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը Պարոնյանի անվան թատրոնում բեմադրել էր «Սիրո կամուրջ» մյուզիքլը:

Մյուզիքլի ժանրի վերաբերյալ Երվանդ Ղազանչյանի կարծիքը միանշանակ է. - «Հայ մարդու հետ մյուզիքլը ի՞նչ կապ ունի... Մենք հերիք է ուրիշի զգեստը հագնենք: Չի սազում մեզ»:

Դիտարկմանը, թե այն տարածված է ամբողջ աշխարհում, ժամանակակից է, նա արձագանքեց. - «Տանել չեմ կարողանում ժամանակակից բառը: Ինչը որ հետաքրքրիր է, նա ժամանակակից է»:

Թատրոնի այսօրվա խնդիրների մասին խոսելիս` Ղազանչյանն ասաց. - «Թատրոնի մարդիկ պետք է մեկընդմիշտ հասկանան, որ թատրոնի համար երբեք չքնաղ օրեր չեն եղել: Թատրոնում աշխատողն այսօր էլ գիտակցում է, որ պիտի ապրի դժվար օրեր, բայց քանի որ ինքը նվիրված է, դատապարտված է, պիտի ապրի իր կյանքը այնպես, ինչպես պետք է: Թատրոնում պիտի տառապես, տանջվես, որպեսզի գործ ստեղծես: Ամեն իմաստով»:

Նա ասաց, որ իր ղեկավարած թատրոնում նույնպես, ինչպես Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնում, մարդիկ բողոքում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, և շարունակեց. - «Բայց որ ներկայացում չխաղան... արտառոց բան է դա: Ներկայացումդ խաղա, հետո դուրս արի, գնա, բողոքի, մինչև լույս բղավի, ինչ ուզում ես արա»:

Երվանդ Ղազանչյանը մեծ նշանակություն է տալիս թատերարվեստ եկող երիտասարդությանը. - «Լավ երիտասարդություն է գալիս: Այդպիսի թատերաշրջան չկա, որ ես մեկ կամ երկու երիտասարդ չվերցնեմ: Միանգամից մարդկանց հնարավորություն է տրվում, եթե ուրիշ ոչինչ չկա, գոնե իրենց անշնորհքությունն ապացուցել: Հնարավորություններ բոլորին էլ պիտի տալ»:

«Հայ ժողովրդի կենսունակությունն է ինձ զարմացնում: Կարող ես հայ մարդու մարմինը տանջել, բայց ի՞նչ պիտի անես նրա ոգու հետ: Ոգու հետ ոչինչ չես կարող անել: Եթե մենք կարողանանք դա պահել, մենք դրանով շատ հարցեր կլուծենք», - եզրափակեց Երվանդ Ղազանչյանը:
XS
SM
MD
LG