Մատչելիության հղումներ

ԿԲ-ն զգուշացնում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու «ծանր հետևանքների» մասին


Կենտրոնական բանկն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նախազգուշացրել է պարտադիր կուտակային վճարները չկատարելու ծանր հետևանքների մասին:

Կենտրոնական բանկը նախ հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշմամբ կասեցվել է պարտադիր կուտակային վճարները չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունը, ապա անում հետևյալ հետևությունը.- «Այսպիսով Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել»:

Սահմանադրական դատարանի որոշումը յուրօրինակ ձևով մեկնաբանելուց հետո Կենտրոնական բանկը գրեթե սպառնում է.- «Վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարների միանվագ կատարելու պարտավորությանը»:

Այսինքն ԿԲ-ն ասում է՝ վճարիր այսօր, հակառակ դեպքում հետո ստիպված կլինես վճարել մի քանի ամսվա համար։ Ստացվում է, որ թեև Սահմանադրական դատարանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել «Կուտակային կենսաթոշակների օրենքի» մասին, սակայն Կենտրոնական բանկը արդեն իսկ նախազգուշացնում է ծանր հետևանքների մասին:

Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի քանի օր առաջ տարածած իր պարզաբանման մեջ հստակ նշել էր, որ եթե անգամ մարտի 28-ից հետո Սահմանադրական դատարանը որոշի, որ պարտադիր կուտակայինի բաղադրիչը չի հակասում Սահմանադրությանը, ապա «մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարած գումարները, քանի որ դա հակասում է Սահմանադրության նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը, այդ թվում ՍԴ-ի որոշումները հետադարձ ուժ չունեն»։

Փաստորեն Կենտրոնական բանկի այսօր տարածած հայտարարությունը ուղղակի հակասության մեջ է մտնում Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության հետ:

Հայաստանի օմբուդսմենի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ եթե անձին ստիպեն վճարել նաև նախորդ ամիսների համար, ապա կխախտվի Սահմանադրությունը։

«Անձի իրավական կարգավիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չուներ, և այս դեպքում, եթե անձին ստիպեն նախորդ ամիսների համար վճարել, դա բնականաբար, վատթարացնում է նրա վիճակը և բասացական հետևանքներ է ունենում։ Ստացվում է՝ հակասում է Սահմանադրությանը։ Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն իր որոշման մեջ կանդրադառնա այս հարցին, այլապես նորից բացթողում կառաջանա և տարաբնույթ մեկնաբանությունների և տարընթերցումների տեղիք կտա»,- ասաց Խաչատրյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդգծում է, որ ՍԴ-ն հստակ սահմանում է՝ վճարում չկատարելը չի առաջացնում որևէ բացական հետևանք և գործատուի, և աշխատողի համար։ Օբուդսմենի գրասենյակը նաև շատ է կարևորում, որպեսզի գործատուները վճարման հարցը քննարկեն և համաձայնության գան իրենց աշխատողների հետ։

«Այս պահին գուցե դատական կարգով բողոքարկումը ամենաարդյունավետ լուծումն է այս պահին, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ամեն դեպքում գործատուն պետք է հաշվի առնի իր աշխատողի ցանկությունը, և համաձայնության գան, որովհետև եթե պատասխանատվություն սահմանված չէ, շատ աշխատողներ ցանկություն չունեն, որ իրենց աշխատավարձից պահումներ արվեն»,- ասաց օմբուդսմենի խորհրդականը։

Պարտադիր կուտակային օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով դատարան դիմած քաղաքական ուժերից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդգծեց՝ Կենտրոնական բանկն այսօրվա իր հայտարարությամբ փաստել է, որ արհամարհում է Սահմանադրական դատարանի որոշումը:

«Այսօր և կառավարությունը, և Կենտրոնական բանկը, և հարկային տեսչությունը իրենց պահում են այնպես, կարծես ՍԴ-ի որոշումը իրենց համար գոյություն չունի։ Սա նույնպես ցույց է տալիս, թե ինչ պետության մեջ ենք մենք ապրում»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ընդգծում է՝ անկախ պետական մարմինների կողմից արվող հայտարարություններին, ովքեր կարդալու ունակություն ունեն, ապա հասկանում են, որ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառությունը մինչև մարտի 28-ը կասեցրել է:

«Դիմում եմ մեր հասարակությանը, աշխատավորներին, որ ձեր իրավունքը խախտում են, եթե առանց ձեր համաձայնության ձեզանից պահումներ են կատարում և փոխանցում են այդ ֆոնդերին։ Ես, համենայնդեպս, չեմ կարծում, որ սա այսպես լռելյայն կանցնի, կարծում եմ՝ դատարանները կհեղեղվեն համապատասխան բողոքներով»,- ասաց Հակոբյանը։
XS
SM
MD
LG