Մատչելիության հղումներ

Միգրացիայի վերաբերյալ հետազոտության արդյունքները դեռ չեն հրապարակվում


Միգրացիայի վերաբերյալ հետազոտության արդյունքները դեռ չեն հրապարակվում
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Դեռ անցած տարի կառավարությունը 13 միլիոն դրամ ծախսելով պետք է պարզեր Հայաստանում արտագաղթի իրական պատկերը: Համենայնդեպս, անցած տարի պետական պաշտոնյաները հորդորում էին սպասել «Միգրացիայի հոսքեր» հետազոտության արդյունքին և նոր միայն խոսել արտագաղթի իրական պատկերի մասին, այլ ոչ թե որպես հիմք ընդունել Ազգային վիճակագրության ծառայության տվյալները սահմանահատումների վերաբերյալ:

Տարին անցավ, իսկ տվյալներ դեռ հրապարակված չեն: Պետությունն այս հետազոտությունը պատվիրել էր Հայ-ռուսական համալսարանին: Գիտական պետական կոմիտեից տեղեկացանք, որ հունվարի 24-ին հետազոտությունը ստացել են, սակայն իրավասու չեն որևէ տեղեկություն տալ: Ոչինչ չասող ծանուցումը միայն փաստում էր այն մասին, որ «միգրացիոն իրավիճակի ուսումնասիրությունները իրականացվել են հանրապետության վարչատարածքային միավորումներում»:

Գիտկոմիտեից հորդորեցին խոսել հենց աշխատության ղեկավարի՝ Ալբերտ Վարդանյանի հետ: Վարդանյանը, սակայն նույնպես նպատակահարմար չհարեց խոսել այսօր Հայաստանի համար ամենալուրջ խնդիր դարձած երևույթի մասին՝ ասելով, թե «քանի մարդկությունը կա, արտագաղթը կլինի»: Վարդանյանին շատ վրդովեցրեց մեր այն հարցը՝ արդյոք 13 միլիոն դրամ ծախսվել է այսքանը՞ բացահայտելու համար։ Նա բառացիորեն ասաց հետևյալը՝ «դու պետություն չես, ես հաշվետու չեմ ինչ-որ մի ռադիոյի»:

Չնայած տևական ժամանակ խոսվում է արտագաղթի աճի մասին, նման հետազոտություն վերջին 6-7 տարիներին չի արվել: Պետության այս նպատակային ծրագրին աջակցել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը «Ազատության» հետ զրույցում, այդուհանդերձ, որոշ մանրամասներ բացահայտեց հետազոտության վերաբերյալ: Հետազոտության ամենակարևոր կետերից մեկը այն է, որ առաջին անգամ հետազոտվել է մոտ 8000 տնային տնտեսություն: Մշակված մեկ ընդհանուր հարցաշարը շատ ընդգրկուն էր՝ տարաբնույթ հարցերով:

«Հարցաշարի միջոցով պարզ է դարձել, թե յուրաքանչյուր ընտանիքից քանի մարդ է գտնվել երկրից դուրս, ինչ պատճառով է մեկնել: Եթե կան ներգաղթյալներ, ապա ուսումնասիրվե՞լ են արդյոք նաև նրանց վերադարձի պատճառները»,- ասաց Տեր-Մինասյանը։

Ըստ Տեր-Մինասյանի՝ գրեթե անհնար կլինի մեկ հետազոտությամբ վերլուծել ամբողջ հավաքագրված տեղեկատվությունը և այս նոր հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ հետագայում նոր ուսումնասիրություններ կատարելու համար:

«Այս պահին տվյալների բազան արդեն պատրաստ է, և ՄԱԿ-ի միջազգային փորձագետը վերլուծում է այն: Արտագաղթած և ներգաղթած քաղաքացիների մասին կոնկրետ թիվ հրապարակել այս պահին հնարավոր չէ։ Այն պարզ կլինի միայն գարնանը»,- ասաց նա։

Այն հարցին, թե արդյոք ամենակարևոր խնդրի բացատրությունը կտա՞ այս հետազոտությունը, այն է, թե քանի մարդ է վերջին 6-7 տարիների ընթացքում հեռացել երկրից, Իլոնա Տեր-Մինասյանն պատասխանեց, որ անպայման հաշվի են առնվել միգրացիոն բոլոր հոսքերը, մասնավորապես, թե երկիրը լքած քաղաքացիներից քանիսն են սեզոնային աշխատողները, քանիսն են մեկ տարուց ավելի մնում արտերկրում:

«Այդուհանդերձ, անգամ այս ընդգրկուն հետազոտությունը, ինչպես նաև ոչ մի այլ հետազոտություն, չի կարող տալ հստակ պատասխան, թե ստույգ քանի մարդ է լքել հայրենիքը»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Եթե Հայաստանի կառավարությունն առաջին անգամ է որոշել պարզել միգրացիոն հոսքերի ընթացքը, ապա ՄԱԿ-ը դեռ 2007-2008թթ-ին նման մի հետազոտություն իրականացրել էր։ Արդյունքում պարզվել էր, որ արտագնա միգրանտների միջին տարիքը 35 տարեկան էր, 42 տոկոսը՝ միջնակարգ կրթություն ունի, 21 տոկոսը՝ բարձրագույն: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս նոր հետազոտությունից պետք է սպասել ոչ թե թվային, այլ որակական պատկեր:

«Եթե առաջ 42 տոկոսն էր միջնակարգ կրթությամբ գնում, և 21 տոկոսը՝ բարձրագույն, արդյոք հիմա դա չի փոխվե՞լ, ավելի շատ գնո՞ւմ են բարձրագույն կրթություն ունեցողները։ Սա ցույց կտա, որ մեզ մոտ, այսպես կոչված ուղեղների արտահոսքն է տեղի ունենում։ Արդյոք փոխվե՞լ է միգրանտների միջին տարիքը, պակասե՞լ է, թե՝ ավելացել, ո՞ր մասնագիտություններով են գնում»,- ասաց Հայրապետյանը։

Մասնագետներն ասում են՝ յուրաքանչյուր հետազոտություն գոնե պետք է մեկ կոնկրետ խնդիր լուծի՝ ոչ թե ինչպես կանգնեցնել միգրացիոն հոսքերը, այլ ինչպես դրանք դարձնել կառավարելի, որպեսզի երկիրը լքողները վերջնականապես չկտրեն կապը հայրենիքի հետ:
XS
SM
MD
LG