Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները՝ բանակի և իրենց կարգավիճակի մասին


Ղարաբաղյան պատերազմի վետերանները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ, արխիվ
Ղարաբաղյան պատերազմի վետերանները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ, արխիվ
Հայոց բանակի ակունքներում կանգնած ազատամարտիկները հպարտությամբ են խոսում բանակի մասին՝ հույս ունենալով, որ այն աստիճանաբար առավել մարտունակ կդառնա։

Գեներալ-մայոր, ազատամարտի հերոս Արկադի Տեր Թադևոսյանը համոզված է, որ բանակը աստիճանաբար մարտունակ է դառնում։ Նա հիշատակում է վերջին դեպքերը, երբ շփման գծում Զինված ուժերը կարողացան դիմադրություն ցույց տալ ու հետ մղել թշնամուն։ Առկա թերությունները կշտկվեն, նկատում է գեներալ-մայորը։

«Այս վերջին դեպքը ապացուցեց, որ մեր բանակը իր առջև դրված խնդիրները լուծում է»,- ասաց Թադևոսյանը։

Մինչդեռ ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանն, ինչպես նաև նրա բազմաթիվ մարտական ընկերներ, քննադատում են իշխանություններին իրենց վարած քաղաքականության համար։

«Բանակի բոլոր թերությունները կվերանան այն ժամանակ, երբ բանակը կդադարի լինել քավոր-սանիկ-մտերիմ-բարեկամ կարգախոսով»,- ասում է Խուդավերդյանը։

Հաղթանակած ազատամարտիկներից շատերը միայն անցյալով են հպարտանում, ներկան տխուր է։

«Մենք իրենց համար որպես շիրմաքար լավն ենք, քանի որ ուտում են մեր վաստակը, իսկ որպեսզի իրենք կարողանան գնահատել մեզ, դա միայն կլինի հաջորդ պատերազմի ժամանակ, երբ իրենք մեզանից առաջ պետք է գնան պատերազմելու՝ օլիգարխներով, կառավարության անդամներով, այս երկիրը քերթող-ուտողներով»,- ասաց Խուդավերդյանը։

«Ուշադիր եղեք ձեր շրջապատի հանդեպ, ձեր շրջապատում ունենք շատ կամավոր ազատամարտիկներ, ունեք նաև հայկական երրորդ ճանաչված հանրապետությունում ստեղծված Զինված ուժերում ծառայող հայ սպաներ։ Վաղը սկսելու եք նրանց փնտրել մոմի լույսով»,- կարծիք հայտնեց մեկ այլ ազատամարտիկ։

Մեծանում են, դառնում առավել խոցելի, իսկ կառավարությունը, ինչպես միաբերան պնդում են նրանք, մոռացության մատնելով իրենց՝ վաղուց արդեն ոտնատակ է տվել։ Այն ազատամարտիկը, ով այսօր պաշտոն չունի, անապահով կյանքով է ապրում, նկատում են ղարաբաղյան պատերազմի մասնակիցները։
«Երևի ինքը գտնում է, որ ավելորդ գումար չկա մեր վրա ծախսելու»,- ասում է 71-ամյա Սամսոն Աթոյանն է։

Նա մի ցանկություն ունի, որ որդին հետ վերադառնա Հայաստան.- «Կուզեի ընտանիքս հետս լիներ, ոչ թե թափառական։ Ես չեմ ուզում, որ հողը, որ ազատագրել եմ, լքած լինեմ»։

Ազատամարտիկ Ալիկ Հակոբյանը պատերազմից հետո բազմաթիվ հիվանդություններ ունի։ Ապրուստը հոգում է Վերնիսաժում հուշանվերներ վաճառելով։

«Հաշվի չեն առնում ազատամարտիկ ես, հաշմանդամության կարգ ունի, ոչ մի բան չկա ազատամարտիկների օգտին»,- ասում է նա։

20 տարվա լռությունից հետո 2013-ին իրենց իրավունքների համար պայքարի դուրս ելած ազատամարտիկներին գլխավորում էր պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Նրանք պահանջում էին ազատամարտիկի մասին օրենք ընդունել, որտեղ հստակորեն կնշվի, թե ով է ազատամարտիկն ու ինչ արտոնությունների է արժանի։

Պայքարից կարճ ժամանակ անց նա խարդախության մեջ մեղադրվեց ու 5 ամիս է ազատազրկված է։ Ավետիսյանը չի ընդունում մեղքը։ Հայտարարել է, որ իր քաղաքական հայացքների, անցյալ տարի ծավալած պայքարի համար են ազատազրկել։ Մարտական ընկերները նրան քաղբանտարկյալ են համարում։ Նրանք շարունակում են պայքարել նրա ազատության համար։

Ավետիսյանի ու նրա մարտական ընկերների մասին արդեն ֆիլմ է նկարահանվել։ Այն ներկայացնում է ազատամարտիկների փառահեղ անցյալն ու թշվառ ներկան։
XS
SM
MD
LG