Մատչելիության հղումներ

Նախարար. Կենսաթոշակային բարեփոխումը հապճեպ չի արվել


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հպարտ կլինի, եթե ինքն էլ համարվի պարտադիր կուտակային համակարգի կնքահայր։ Այս մասին նախարարն ասաց երեքշաբթի իր հաշվետու ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների կողմից ամենաշատ հնչող հարցերին, որոնք վերաբերում էին պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքին:

Օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավոր Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով նախարարի ավելի վաղ արված հայտարարության, թե ներդրվող համակարգի հիմնադիրը հենց երկրորդ նախագահ Քոչարյանն է, հակադարձել էր ասելով՝ «նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի և՛ հայր, և՛ կնքահայր համարել»։

Այսօր Արտեմ Ասատրյանը շարունակեց պնդել, որ այս համակարգային բարեփոխումները Հայաստանում քննարկվում են 10 և ավելի տարիներ։

«Եվ այն բոլոր տեսակետները, որ այսպիսի համակարգային ռեֆորմը չի կարելի հապշտապ անել և այլն, դրանք ուղղակի որևէ հիմք չունեն։ Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն, շատ առարկայական, շատ մասնագիտական կազմով՝ լրագրողների, տարբեր հկ-ների, բոլոր հետաքրքրվածների հետ բազմիցս քննարկվել են»,- ասաց Ասատրյանը։

Նախարարը վստահեցնում է, որ կայացված որոշումները բխում են Հայաստանի քաղաքացիների, երկրի, սերունդների շահերից: Նա օրենքին բացասաբար վերաբերվողներին խորհուրդ է տալիս նայել, թե բարեփոխումների շրջանակներում որքան համակարգային խնդիր է լուծվել։

«Այդ առումով ես միայն հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ այդ բարեփոխումների կնքահայր։ Ես դրա մեջ մեր երկրի և ժողովրդի համար տեսնում եմ կարևորագույն որոշումներ, որոնք իրենց առարկայական արդյունքները ցույց են տալու տարիների ընթացքում»,- ասաց Ասատրյանը։

Սակայն մինչև անցնեն տարիները, քաղաքացիներն այսօր արդեն խնդրահարույց են համարում օրենքը: Բացի այն, որ օրենքին ընդդիմացողների մի մեծ խումբ, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը այն համարում են հակասահմանադրական, նրանցից շատերը նաև պնդում են, որ օրենքը հաշվի չի առել մարդու ներկայիս սոցիալական վիճակը: Փաստացի այս ամսից աշխատող քաղաքացիների աշխատավարձը առնվազն 5 տոկոսով կնվազի: Մինչ նախարարը շարունակաբար պնդում էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի շնորհիվ քաղաքացիները իրենց ապահով ու բարեկեցիկ ծերության հարցն են լուծում, փորձեցինք նախարարից ճշտել, թե այսօր ինչպե՞ս պետք է ապրի այդ նույն քաղաքացին:

«Իհարկե մտածելու տեղ կա, որովհետև ցանկացած անձի համար ընթացիկ սպառումը նվազեցնելը առաջացնում է որոշակի խնդիրներ, բայց մյուս կողմից այն քայլերը, որ իրականացվում են, նաև բազմաթիվ գործատուները հայտարարեցին, որ բարձրացնելու են աշխատավարձերը, կարծում եմ, որ այդ լուծումները կապահովեն ճիշտ իրավիճակ, և մեր քաղաքացիների համար այդ նեղությունը շատ չի լինի»,- ասաց նախարարը։

Այդուհանդերձ, օրենքին դեմ դուրս եկած քաղաքացիները թերահավատ են այս խոսքերին, և դրա վառ ապացույցը վերջին՝ հունվարի 18-ի հավաք-երթն էր, որը բավականին բազմամարդ էր։ Նախարարն ասում է՝ բողոքելը քաղաքացիների իրավունքն է, ինքը դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում:
XS
SM
MD
LG