Մատչելիության հղումներ

Էրդողանի զինակիցները հրաժարական են ներկայացնում


Թուրքիայի ներքին գործերի նախարար, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և բնապահպանության ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը լքում են իրենց պաշտոնները:

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և բնապահպանության ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը լքում են իրենց պաշտոնները:

Ամենասկանդալայինն, իհարկե, քաղաքաշինության նախարարի հրաժարականն է, որը պաշտոնանկությունից առաջ հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին` կոչ անելով իր անմիջական ղեկավարին` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նույնպես հրաժարական ներկայացնել:

«Ոստիկանական հետաքննության ընթացքում բացահայտված անօրինական շինարարության բոլոր դեպքերը, որոնց թույլտվությունները ես եմ ստորագրել, իրականում հնարավոր են դարձել հենց Էրդողանի գիտությամբ», - հայտարարեց Բայրաքթարը` միաժամանակ տեղեկացնելով, որ այսօր հրաժարական ներկայացրած կառավարության անդամները այդ քայլին դիմել են վերադաս մարմիններից եկող ճնշման տակ:

Ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարները հրաժարական ներկայացրեցին այն բանից հետո, երբ անցած շաբաթ երկու պաշտոնյաների որդիներն էլ ձերբակալվեցին` աննախադեպ ծավալների հակակոռուպցիոն ոստիկանական այս հետաքննության շրջանակներում:

Արդեն նախկին ներքին գործերի նախարարի որդուն` Բարիշ Գյուլերին, մեղադրում են տարբեր կոռուպցիոն գործարքների շրջանակներում միջնորդի դեր ստանձնելու մեջ: Անդրադառնալով այդ փաստին՝ Գյուլերն իր հրաժարականի հայտարարության մեջ այսօր նշել է․ - «Իմ որդու ձերբակալությունն անօրինական է: Ներկայացված մեղադրանքի համաձայն իմ որդին ոչ թե կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ է եղել, այլ պարզապես բանակցել է կաշառքների շուրջ: Գերագույն վճռաբեկ դատարանի հատուկ որոշման համաձայն նման դեպքում կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել պաշտոնյաների, բայց ոչ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ», - հայտարարել է Թուրքիայի արդեն նախկին ներքին գործերի նախարարը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը լքող Զաֆեր Չաղլայանի հայտարարությունն անհամեմատ ավելի կտրուկ էր և իր մեջ հստակ քաղաքական մեղադրանքներ էր պարունակում:

«Ես հրաժարվում իմ պաշտոնից որպեսզի աջակցեմ ճշմարտության բացահայտմանը: Իմ այս քայլով ես նաև ցանկանում եմ տապալել այն դավադրությունը, որին զոհ են գնացել իմ զավակն ու կուսակցական ընկերները»,- հայտարարեց Չաղլայանը մեկ անգամ ևս թափանցիկորեն ակնարկելով, թե դեկտեմբերի 17-ից բացահայտված կոռուպցիոն սկանդալը ոչ թե զուտ ոստիկանական հետաքննություն է, այլ փաստացի հեղաշրջման փորձ՝ ուղղված Էրդողանի և նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցության դեմ:

«Ակնհայտ է, որ իրականացված ձերբակալությունները կեղտոտ գործողությունների շարք է, որի թիրախը մեր կուսակցությունն ու կառավարությունն են», - հայտարարում է Զաֆեր Չաղլայանը:

Չաղլայանի որդին` Սալիհ Քաանը, հետաքննության շրջանակներում որպես մեղադրալ է ներգրավվել թուրքական խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկում` Halkbank-ում կատարված չարաշահումների դրվագով:

Ուշագրավ է, որ հրաժարականները հետևեցին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գուլի երեկվա հայտարությանը, որում Թուրքական Հանրապետության ղեկավարը խոստացել էր ամեն ինչ անել կոռուպցիոն այս գործի հետաքննությունը ավարտին հասցնելու համար:

«Թուրքիան այլևս նախկինը չէ: 10 կամ 15 տարի առաջ մեր երկրում դեռ հնարավոր կլիներ կոծկել այսպիսի կոռուպցիոն սկանդալը: Վերջին տարիներին, սակայն, մենք այնպիսի բարեփոխումներ ենք իրականացրել, որ նման քայլի հավանականությունը գրեթե զրոյի է հավասարվել», - հայտարարեց Թուրքիայի նախագահը:

Երեկ ուշ երեկոյան` Պակիստան կատարած երկօրյա այցից հետո Անկարա վերադարձավ նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Էսենբողա» օդանավակայանում նրան դիմավորեցին հազարավոր կողմնակիցները, որոնց դիմելով՝ թուրքական կառավարությանը ղեկավարը հայտարարեց․ - «Մեր ընտրությունը շատ հստակ է` կամ ազգային շահերը, կամ էլ նվաստացումը: Մեր կառավարության դեմ իրականացված այս գործողության հետին նպատակներից մեկը նաև ազգային շահերի, մարդկանց կամքի ոտնահարումն է: Ես վստահ եմ, նրանք ովքեր կրկին ցանկանում են նվաստացնել մարդկանց այս անգամ էլ պարտվելու են», - հայտարարեց Էրդողանը` միաժամանակ նշելով, որ կոռուպցիոն սկանդալում ներգրավված բոլոր այն մարդիկ, ում մեղքը կհաստատվի` պետք է պատժվեն: Առաջիկայում, սակայն, չի բացառվում, որ ինքը՝ Էրդողանը, կանգնի դատարանի առջև: Ստամբուլի ոստիկանության ավելի քան 20 աշխատակիցներ որոշել են դատի տալ երկրի վարչապետին` իրենց աշխատանքից անօրինականորեն հեռացնելու համար:

«Սրանք հենց այն ոստիկաններն են, ովքեր բացահայտեցին կառավարության բարձրագույն էշելոններում առկա կոռուպցիոն մեխանզիմները` գրեթե ակնթարթորեն հեռացվելով զբաղեցրած պաշտոններից», - հիշեցնում են թուրքական թերթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG