Մատչելիության հղումներ

Կայացավ Նալբանդյան - Դավութօղլու հանդիպումը


Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ողջունում են միմյանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ողջունում են միմյանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը, որը կայացավ այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, տևեց մեկ ժամից ավելի, սակայն հանդիպման ավարտին կողմերը որևէ հայտարարությամբ հանդես չեկան:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումից անմիջապես հետո լքեց հյուրանոցը, իսկ Դավութօղլուն, որոշ ժամանակ մնալով Սաթենիկ թագուհու սրահում, հեռացավ իր սենյակը` անպատասխան թողնելով «Ազատության» հարցը, թե հաջողվեց արդյոք առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հարկ է նկատել, որ հայկական կողմը բավական սառը ընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, ով պաշտոնապես ժամանել է Երևան` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին:

Առաջին անգամ Հայաստան այցելած Դավութօղլուն «Արմենիա Մարիոթ» հյուրանոց մտավ հետնամուտքից, շատ կարճ ժամանակով մասնակցեց հավաքին ու հեռացավ իր սենյակը:

Երբ հավաքն ավարտվեց, Դավութօղլուն վերադարձավ այն սրահը, որտեղ անցել էր համաժողովը և ձեռք մեկնեց իր հայաստանցի պաշտոնակցին: Ձեռքսեղմումից հետո թուրք նախարարը կրկին վերադարձավ իր սենյակը, իսկ Նալբանդյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Մասնավորապես, դիտարկմանը, թե թուրքական մամուլը գրում է, որ Դավութօղլուն Հայաստան է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Նալբանդյանն արձագանքեց, թե թուրքական կողմի այդօրինակ փորձերն ապարդյուն են. - «Հայաստանի, նաև միջազգային հանրության մոտեցումը հստակ է` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Թուրքական կողմի փորձերը կապակցել հարաբերությունների կարգավորումը այլ հարցերի հետ կամ առաջ քաշել նախապայմաններ, ապարդյուն են և անիմաստ»:

Նալբանդյանն ասաց նաև, որ պատրաստվում է հանդիպել իր թուրք պաշտոնակցին, և հանդիպումից հետո կտեղեկացնեն, թե ինչ հարցեր են քննարկել: Հանդիպումը տեղի ունեցավ, սակայն Նալբանդյանը որևէ հայտարարություն չարեց: Իսկ Դավութօղլուն Երևանում ասուլիս է հրավիրել միայն թուրք լրագրողների համար:

Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ այցի գլխավոր նպատակը հայ-թուրքական հարաբերությունների քննարկումն է: Նա հավելեց, որ կոնկրետ առաջարկ կամ «ճանապարհային քարտեզ» չկա. փորձ է արվելու վերականգնել երկկողմ վստահությունը և հասկանալ, թե արդյոք կողմերը պատրաստ են առաջ շարժվել:

Թուրք պաշտոնյան, այնուամենայնիվ, ընդգծեց, որ առանց ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթացի, հնարավոր չէ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում:

Այսօրվա համաժողովին մասնակցող Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե լիահույս է, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը կկայանա և դրա ընթացքում որոշակի առաջընթաց կարձանագրվի:

«Մենք ողջունում ենք ցանկացած շփում կողմերի միջև և լիահույս ենք, որ հաշտեցումը կկայանա և որ կողմերը կբարելավեն իրենց հարաբերությունները: Մենք կանենք հնարավորը` այդ հարցում օգնելու համար», - ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դեսպանն ասաց, թե իրենք շարունակում են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, սակայն որևէ «լավ լուր» չունի այդ կապակցությամբ:
XS
SM
MD
LG