Մատչելիության հղումներ

Պուտինն ընտրեց «սեփական պրոպագանդիստին»


Հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովը Բարեկամության շքանշան է ստացել, Մոսկվա, Կրեմլ, 10 հոկտեմբերի, 2011թ.
Հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովը Բարեկամության շքանշան է ստացել, Մոսկվա, Կրեմլ, 10 հոկտեմբերի, 2011թ.

Վերլուծաբանների կարծիքով, Կրեմլը հետևողականորեն սահմանափակում է մամուլի ազատությունը և հզորացնում դիրքերը լրատվական դաշտում։

Ո՞վ է անձը, որին նախագահ Վլադիմիր Պուտինը վստահել է Ռուսաստանի ամենախոշոր լրատվական գործակալությունը տնօրինելու առաքելությունը։ Դմիտրի Կիսելյովը, մեկնաբանների համոզմամբ, չափազանց կողմնակալ մարդ է, չափազանց իշխանամետ է, իսկ այս դեպքում կարելի է նաև ավելացնել` «պուտինամետ» է և առնվազն այսօրվա դրությամբ դասական առումով այլևս լրագրող չէ։

1999 թվականին, երբ արդեն սկսվել էր Պուտինի քաղաքական վերելքը, Կիսելյովը համարվել է խոստումնալից հեռուստալրագրող, ով ունի հստակ տեսակետ լրագրության և պրոպագանդայի տարբերության մասին։

«Լրագրողին չի կարելի տարանջատել էթիկայից, բայց մարդկանց, որոնց դուք տեսնում եք հեռուստաէկրանին, հաճախ չի կարելի լրագրող անվանել, որովհետև հաճախ նրանք ագիտատորներ են»,- ասել է Կիսելյովը։

Անցել է 14 տարի, և հիմա Կիսելյովը, ստանձնելով բարձր պաշտոն լրատվական դաշտում, հենց ագիտացիայով է զբաղվում։ Ահա նրա «հայտնություններից» մեկը՝ հայտարարություն միասեռականների մասին.- «Նրանց պետք է արգելել արյուն կամ սեղմնահեղուկ հանձնել, իսկ սրտերը, եթե նրանք ավտովթարի զոհ դառնան, պետք է վառել կամ թաղել, որպես ոչ պիտանի ուրիշի կյանքի շարունակության համար»։

59-ամյա Կիսելյովը դեկտեմբերի 9-ին նշանակվել է «ՌԻԱ Նովոստի» լուծարված լրատվական գործակալության հիման վրա ստեղծվող «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») մեդիա-կառույցի ղեկավար։ Պուտինը 110 միլիոն դոլարի բյուջեով «ՌԻԱ Նովոստիի» լուծարումը բացատրել է միջոցներ խնայելու անհրաժեշտությամբ։

Նախքան նոր նշանակումը Կիսելյովը զբաղեցրել է համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության փոխտնօրենի պաշտոնը և վարել է «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարը, որի միջոցով անվերապահորեն գովազդել է Պուտինի քաղաքականությունն ու անխնա քննադատել Արևմուտքը։

Վերջին շաբաթներին նա հաճախ է անդրադարձել Ուկրաինայի թեմային։

«Իսկ ի՞նչ է «մայդանը» [Կիևի Անկախության հրապարակը, կամ որևէ այլ հրապարակ, որտեղ անցկացվում են բողոքի զանգվածային ակցիաներ], շատ պստիկ կետ Ուկրաինայի մարմնին, եթե այն վառել զոդիչով` ցավ կլինի, բայց դե ոչ մահացու»,- ասել է նա.- «Սակայն եթե ամեն ինչ քաղաքական տեխնոլոգիայի առումով գրագետ անել, հասցնել գերտաքացման կետին, հետո ցույց տալ խոշորացույցով, իսկ հեռուստատեսությունը, ինտերնետը կատարյալ օպտիկա են, և ստեղծել տպավորություն, թե համայն երկիրն է այդպիսին, ապա կարող է և մահացու լինել, իրականում Ուկրաինան ավելի բարդ բան է մայդանի համեմատությամբ»։

Այսպիսի համոզմունքների տեր անձին լրատվական կարևոր կազմակերպության ղեկավար նշանակելու փաստը որոշ մեկնաբաններ համարում են Կրեմլում տիրող եթե ոչ խուճապի, ապա առնվազն մտահոգության նշան։

«Դա շատ անարդյունավետ, ես նույնիսկ կասեի՝ հիմար որոշում էր, քանի որ Կիսելյովին բնորոշ պրոպագանդայի ոճը բացահայտ սուտն է։ Այն, ինչ նա ասում է «մայդանի», կամ ժամանակին ասել է Ռուսաստանի ընդդիմության մասին, սուտ է և հերյուրանք, ինչը հնարավոր է միայն գրաքննության պայմաններում»,- ասել է Ռուսաստանի Լրագրողների միության նախկին գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն, ով Կիսելյովին համեմատում է նույնիսկ Գեբելսի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG