Մատչելիության հղումներ

Լուծարվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը


«ՌԻԱ Նովոստի»-ի շենքը Մոսկվայում
«ՌԻԱ Նովոստի»-ի շենքը Մոսկվայում

Լրատվական գործակալությունը կվերածվի «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության:

Այսօր առավոտյան Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել է նախագահ Պուտինի հրամանագիրը Ռուսաստանի ամենահեղինակավոր գործակալություններից մեկի` «ՌԻԱ Նովոստի»-ի լուծարման մասին:

Լրատվական գործակալությունը կվերածվի «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության, որը կգլխավորի «Ռոսիա» հեռուստաընկերության մեկնաբան, Կրեմլի շահերը կուրորեն սպասարկող լրագրողի համբավ ունեցող Դմիտրի Կիսելյովը:

Հրամանագրով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն մեկ ամսվա ընթացքում: Նույն ժամկետում կառավարությունը պետք է լուծի ֆինանսավորման հետ կապված խնդիրը:

Պուտինի հրամանագրով լուծարվել է նաև «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, և դրա գույքը փոխանցվել է նորաստեղծ գործակալությանը:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ որոշումը կայացվել է երկրի ազգային շահերը «արդյունավետ կերպով պաշտպանելու» նպատակով:

«Ռուսաստանն այսօր» անունով հեռուստաընկերություն արդեն կա, և այն գլխավորում է Մարգարիտա Սիմոնյանը: Նա լրատվամիջոցներին ասել է, որ այսօր է իմացել նույնանուն գործակալության ստեղծման մասին:

Ռուսաստանցի մեկնաբանների կարծիքով, լուծարված «ՌԻԱ Նովոստի»-ն, ի տարբերություն պետական մյուս գործակալությունների, ավելի լիբերալ էր. գործակալության ղեկավար Սվետլանա Միրոնյուկը, օրինակ, մասնակցում էր Բոլոտնայա հրապարակի, ասել է, թե` հակապուտինյան ցույցերին:

Ռուսաստանցի բլոգերները գրում են, թե «սկսվել է վերադարձը դեպի Խորհրդային Միություն, և սա «լիբերալ խաղերի վերջն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG