Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Մենք կփորձենք առաջ տանել բանակցային գործընթացը»


Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը նոր հնարավորություններ է բացում ղարաբաղյան կարգավորման համար և Հայաստանը փորձելու է հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը:

Այսօր Երևանում Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ կայացած համատեղ ասուլիսին նման հայտարարություն արեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ վաղը Կիևում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Դուք գիտեք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական հանդիպում, և այդ հանդիպման ընթացքում նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին օգտագործել առաջին հնարավորությունը հանդիպելու, շարունակելու բանակցությունները, որպեսզի աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը», - մասնավորապես, ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չէին հանդիպել մոտ երկու տարի՝ անցած տարվա հունվարից: Այդ ընթացքում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմաններին չթուլացավ՝ կողմերը շարունակում են սպառազինվել և զոհեր տալ սահմանային միջադեպերի հետևանքով:

«Հայաստանի պատճառով չէր, որ հանդիպումները չէին կայանում: Մի քանի փորձեր կատարվել էին եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպել: Վերջին այդպիսի փորձն էր եղել հունիս ամսին և անգամ տեղը և ժամկետը արդեն պայմանավորված էր, երբ ուղղակի հանդիպումից մի երկու-երեք օր առաջ ադրբեջանցիները չեկան այդ հանդիպմանը», - պատմեց Հայաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով վաղը Կիևում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նախատեսված հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց․ - «Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, շատ կարևոր է կողմերի ցանկությունը՝ կարգավորման, բայց նաև կարևոր է իրատես մոտեցում կողմերի ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը»:

Ըստ Նալբանդյանի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակված են եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում:

«Գիտեք, որ Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այս հայտարարություններում արված առաջարկների և սկզբունքների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը և առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG