Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները արտահերթ ընտրություններ են պահանջում


Կիևում շարունակվում են բողոքի ակցիաները, որտեղ քաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ։ Բողոքի ակցիաներին են միանում նաև Ուկրաինայի շրջաններից եկած մարդիկ, որոնք Կիև են ժամանում հիմնականում ավտոմեքենաներով և ավտոբուսներով։

Ցուցարարները պահանջում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հնչում են նաև ներքին գործերի նախարար Վիտալի Զախարենկոյի հրաժարականի կոչեր։

Ցուցարարները վրդովված են ոստիկանական հատուկ ջոկատայինների գործողություններից։ Հիշեցնենք, շաբաթ վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժով ցրել էին Անկախության հրապարակում հավաքված ցուցարարներին, առնվազն 30 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, 35-ն էլ բերման էին ենթարկվել, հետո ազատ արձակվել։

Այս պահին «Բերկուտ» ջոկատայինները շրջափակել են Կիևի գլխավոր հրապարակը և դրա հարակից փողոցները։ Այստեղ դատարանի որոշմամբ մինչև դեկտեմբերի 7-ը արգելված է որևէ ակցիա անցկացնել։ Քաղաքային իշխանությունները Մայդանում տեղադրում են ամանորյա տոնածառը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը։

Հանրահավաքներ և ակցիաներ անցկացնելու դատարանի արգելքը չի վերաբերում Տարաս Շևչենկոյի այգուն և Միխայլովյան հրապարակին, որտեղ արդեն երկրորդ օրն է հավաքվում են ցուցարարները։ Այս հրապարակում և դրա կողքին գտնվող Միխայլովյան տաճարում նախօրեին ավելի քան երկու հազար մարդ է գիշերել։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը քննադատել է խաղաղ ցուցարարներին դեմ բռնությունները և խոստացել պատժել նրանց, ովքեր կոնֆլիկտ էին հրահրել։

Ուկրաինայում խաղաղ ցուցարաների դեմ բռնի ուժի կիրառումը դատապարտել են ԱՄՆ-ի դեսպանատունը, Եվրամիության արտաքին քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG