Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպեց Ֆրանսուա Օլանդի, Մարիանո Ռախոյի հետ


Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Վիլնյուսում, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Վիլնյուսում, լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ - ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև գործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Սարգսյանը և Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ - ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան Եվրամիության երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան - ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հայաստանի նախագահը այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել նաև Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

Սերժ Սարգսյանը և Մարիանո Ռախոյը քննարկել են հայ - իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու գործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձևաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG