Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է շահել Իրանի դեմ պատժամիջոցների նվազեցումից


Հայաստան -- Մեղրու անցակետը Իրանի հետ սահմանին, արխիվ
Հայաստան -- Մեղրու անցակետը Իրանի հետ սահմանին, արխիվ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, հայ գործարարները պետք է ողջունեն վեցյակի երկրների և Իրանի միջև Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

Ժնևում վեցյակի երկրների հետ բանակցությունների ժամանակ Իրանի իշխանությունները խոստացել են կես տարով դադարեցնել ուրանի հարստացումը այդ երկրի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների նվազեցման դիմաց։

Արսեն Ղազարյան
Արսեն Ղազարյան
Արսեն Ղազարյանի խոսքով, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում առաջին հերթին վերականգնվում են իրանական շուկայի հետ աշխատելու և Իրանի տարածքով Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու Հայաստանի հնարավորությունները:

«Միշտ մենք ասել ենք, և շարունակելու ենք աշխատել, որ Իրանի և Իրանով Արևելքի հետ կապող տարանցիկ ճանապարհներից մեկը դառնանք: Եթե նման վիճակ մնար, մենք Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումից հետո չէինք հասկանա ինչպես պետք է Հայաստանով գար-գնար, եթե Իրանը ավելի խիստ պատժամիջոցների մեջ ընկներ կամ ներքաղաքացիական պատերազմների: Այդ իմաստով, որքան Իրանի համար էր կարևոր միջազգային հանրության հետ համաձայնության գալը, գրեթե այդքան էլ Հայաստանի համար», - ասում է Ղազարյանը:

Վերջին տարիներին Թեհրանի նկատմամբ միջազգային հանրության իրականացրած պատժամիջոցների արդյունքում մենք կորցրել էինք Իրանը որպես տարանցիկ ճանապարհ, ասում է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

«Հեռավոր Արևելքից իրանական նավահանգիստներ եկող բեռները, երբ բերում էինք նաև Իրանի տարածքով, վերջին 1 տարվա ընթացքում կատեգորիկ արդեն բարդացել է․ ոչ մի ծովային ընկերություն իր բեռնակրող նավերը չէր բերում դեպի Բանդար Աբաս նավահանգիստ: Եվ մենք ստիպված ամբողջ բեռնաշրջանառությունը տեղափոխում էինք վրացական Փոթի, Բաթումի նավահանգիստներ», - մանրամասնում է Արսեն Ղազարյանը:

Իրանի բանկային համակարգի վրա դրված արգելքների հետևանքով սահմանափակվել էր նաև այդ երկրի հետ առևտուրը, նկատում է Արսեն Ղազարյանը, հավելելով, որ գերտերությունների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը թույլ կտա Հայաստանին վերադառնալ այդ երկրի հետ նախկին ապրանքաշրջանառության ծավալներին: Ղազարյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 50-ից 60 տոկոսով:

Հայաստանում 1994 թվականից գործարարությամբ զբաղվող և 2007 թվականից ընտանիքով Երևան տեղափոխված Իրանի քաղաքացի Հաբիբը, ով կենցաղային ապրանքներ է ներկրում Հայաստան, ասում է՝ պատժամիջոցների արդյունքում իրենց մոտ ապրանքը թանկացել է:

«Հիմա երեք ամիս է՝ ապրանք չենք կարողանում բերել, ձեռք չի տալիս հիմա: Հիմա սպասում ենք՝ տեսնենք ինչպես է ստացվում», - ասում է նա, - «Դոլարի գինը 3600-ից ընկելա 2900 մեր փողով, էմբարգոի հետ է կապված»:

«Ազատության» հարցին՝ հիմա, երբ Իրանի համար նոր հնարավորություններ են բացվում, պատրաստվո՞ւմ է բիզնեսը տեղափոխել այլ երկիրը, Հաբիբը պատասխանեց․ - «Չէ, ինչո՞ւ․․․ Թուրքիան, Ադրբեջանը, Աֆղանստանն ու Պակիստանն էլ են մոտ ու սահմանակից Իրանին, պարզապես Հայաստանում անվտանգ է, մարդկանց մտածելակերպը մոտ է իրանականին, այստեղ մարդիկ ջերմ են, հյուրասեր, երեխաներս այստեղ ինչպես մեր երկրում լինեն, երբեք չեմ մտածում, որ աղջիկս ուշ է տուն գալիս, կամ ուշ գնում»:

Հայաստանով նաև այլ երկրներ ապրանքների դուրսբերումն է դյուրին, ասում է իրանցի գործարարը:

Նշենք, որ համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվյալների, 2012 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել ավելի քան 242 միլիոն դոլարի ապրանք, արտահանման ծավալները դոլարային արտահայտությամբ կազմել են մոտ 109 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG