Մատչելիության հղումներ

Եվրասիական միությունում ռուսերենը կունենա հատո՞ւկ կարգավիճակ


Եվրասիական միությունում ռուսերենը կունենա հատու՞կ կարգավիճակ
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ երկուշաբթի օրը ընդգծեց, որ ռուսական կողմին ուրախացրել է այն փաստը, որ երիտասարդ հայերի շրջանում աճել է հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ և ավելացել է ռուսական բուհեր ընդունվելու ձգտումը։

Նոյեմբերի 11-ին Հայաստանի կրթության նախարարն Արմեն Աշոտյանը ռուսական «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ հարցազրույցում նույնպես նշել էր, որ երիտասարդների շրջանում նո՛ր վերաբերմունք է առաջացել ռուսաց լեզվի հանդեպ։

«Հայաստանն այսօր ունի բոլոր ենթակառուցվածքները ռուսերենին կրկին շունչ հաղորդելու համար»,- հավելել էր նախարարը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուսերենն ամրապնդելու անհրաժեշտության մասին խոսեց նաև երրորդ պաշտոնյան՝ Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկին՝ նշելով, որ Եվրասիական միությունում ռուսերենը պետք է ունենա, եթե ոչ բարձր, ապա առնվազն տեխնիկական կարգավիճակ, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերենով։ Նա հայ պատգամավորներին օրինակ էր բերել Բելառուսն ու Ղազախստանը, որտեղ ռուսերնն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Մասնագետները Երևանում արդեն մտահոգվում են Կրեմլից հնչող այս ակնարկներով. շատերը մտավախություն ունեն, որ կարող է կրկնվել Խորհրդային Միության պատմությունը։

«Խորհրդային տարիներին ռուսերենի ազդեցությունը մեծ էր մեր լեզվի վրա, և հատուկ քաղաքականություն էինք իրականացնում, որ մեղմեինք այդ ազդեցությունը, այս խնդիրն ունեինք։ Պաշտոնական գրագրության մեջ ռուսերենի ազդեցությունը շատ մեծ էր, և դրանով վտանգվում էր լեզվի մաքրությունը», - ասում է Երևանի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը։

Մասնագետը կարծում է, որ Խորհրդային Միության տարիներին, չնայած ռուսերենի խիստ կարևորությանը, հայերենով ավելի լուրջ էին զբաղվում, իսկ այսօր լեզվի հետ կապված հարցերն ավելի բարձիթողի են։ Օրինակ, Հայոց լեզվի ամբիոնը կազմել է հայերենի նոր բացատրական բառարան՝ Աղայանի բառարանից մոտ 80 հազար բառով ավելի, բայց ֆինանսավորող չկա, բառարանն էլ չի հրատարակվում։

Ավետիսյանը հավելեց, որ եթե ռուսերենը Հայաստանում շուտով ստանա տեխնիկական կամ որևէ այլ հատուկ կարգավիճակ, Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի խորհրդային պատմությունը չկրկնվի։

«Լեզվի պատմության փորձը ցույց է տալիս, որ եթե հասարակությանը պատրաստ է արգելակելու կամ խոչընդոտելու այդ ազդեցությունը, լեզուն զերծ է մնում դրանից»,- ասաց Ավետիսյանը։

Չնայած Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, Երևանում անցկացրած մեր հարցումները ցույց չտվեցին, որ աճել է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ, իսկ ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մտքին հնչեցին հիմնականում բացասական արձագանքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG