Մատչելիության հղումներ

Մաքսային միության տարածքում ազատազրկում․․․ շապիկի համար


Բելառուս - Յուրի Ռյաբցովը կրում է շապիկ «Լուկաշենկո, հեռացի՜ր» գրությամբ, Մինսկ, 3-ը նոյեմբերի, 2013թ.
Բելառուս - Յուրի Ռյաբցովը կրում է շապիկ «Լուկաշենկո, հեռացի՜ր» գրությամբ, Մինսկ, 3-ը նոյեմբերի, 2013թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անհանդուրժողականությունն անհեթեթության աստիճանի է հասնում։

Մինսկի իրավապահները անցած կիրակի օրը ձերբակալել են քաղաքացի Լեոնիդ Սմուժին, ով արտոնված ցույցին էր ներկայացել «Բելառուսն առանց Լուկաշենկոյի» գրությամբ շապիկով։ Երեկ դատարանը նրան դատապարտել է 5 օրվա ազատազրկման։

Փաստորեն, Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով շապիկ հագնելը Բելառուսում քրեորեն պատժելի արարք է։

Ցույցի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել խորհրդային ժամանակաշրջանում հալածանքների ենթարկվածների հիշատակին։

Կիրակնօրյա ցույցի ընթացքում, նախքան ձերբակալվելը Սմուժը «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակցին ասել է, որ դատապարտում է նախագահ Լուկաշենկոյի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ չաշխատող քաղաքացիների նկատմամբ այսպես կոչված «անգործության» հարկ սահմանելու օրինագիծ ընդունելը։

«Ես դեմ եմ մեր նախագահի կարգադրություններին և նախագծերին, որոնք նրա բերանից դուրս են թռչում, ինչպես մեղուները՝ փեթակից։ Ես, մասնավորապես, բողոքում եմ այդ «անգործության հարկի» դեմ։ Ես առողջական խնդիրներ ունեմ, ստուգման եմ ենթարկվել։ Հաջորդ տարի ես ակամա կդառնամ քրեական հանցագործ կամ ստրուկ, որովհետև չեմ աշխատելու», - ասել է Լեոնիդ Սմուժը։

Ըստ ականատեսների, ձերբակալված քաղաքացին ոչ կարգախոսներ է վանկարկել, ոչ էլ դիմադրություն է ցույց տվել, երբ իրեն են մոտեցել ոստիկանները։

Դրանից ընդամենը երեք օր առաջ եռօրյա ազատազրկման է դատապարտվել մեկ այլ քաղաքացի` Յուրի Ռյաբցովը, որի շապիկին գրված էր «Լուկաշենկո, հեռացի՛ր»։ Ըստ ցուցարարների՝ ոստիկանները ոլորել են տարեց մարդու ձեռքերը և նրան կոպտորեն նետել են մեքենայի մեջ։

Բելառուսը մոտ երկու տասնամյակ ղեկավարող Լուկաշենկոն, ով անցյալում տեղական սովխոզներից մեկի նախագահն էր, համարվում է Եվրոպայի վերջին դիկտատորը, որի իշխանության օրոք զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։

Բողոքի գրություններով շապիկների միջադեպերը փաստում են, որ այդ անձնավորությունն ընդհանրապես չի հանդուրժում որևէ քննադատություն, ինչը երբեմն անհեթեթության աստիճանի է հասնում։

2011 թվականին ձերբակալվել և 15 օրվա ազատազրկման են դատապարտվել տասնյակ քաղաքացիներ, ովքեր ի նշան բողոքի հանդիպել են փողոցներում և որևէ կարգախոս չվանկարկելով, խոսք իսկ չասելով, պարզապես ծափահարել են։ Նրանք այդպես են արտահայտել իրենց բողոքը, քանի որ ցույցերն այդ շրջանում արգելվել են։

Անցյալ տարի լրագրող Անդրեյ Սուրյապինը դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման` շվեդական մի գովազդային ընկերության կողմից օդանավից Բելառուսի տարածք նետված թռուցիկներով խաղալիք արջուկների լուսանկարները համացանցում տեղադրելու համար։

Այդ ակցիային աջակցող Սուրյապինին, ինչպես նաև Սերգեյ Բաշարիմովին Լուկաշենկոյի վարչակազմը մտադիր էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, սակայն այս տարվա հունիսին գործը կարճվեց։ Խաղալիք արջուկներն առգրավված են, հիմա թիրախը շապիկներն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG