Մատչելիության հղումներ

Փափուկ արջուկները` քաղաքական սկանդալի պատճառ Բելառուսում


Խաղալիքները «պահանջել են» մարդու իրավունքների պաշտպանություն։

Առաջին հայացքից բոլորովին անմեղ, մանկական խաղալիքներ՝ փափուկ արջուկները Բելառուսում դարձել են քաղաքական սկանդալի եւ առնվազն մեկ մարդու ձերբակալության պատճառ, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ, լրատվամիջոցների պնդմամբ, շվեդական մի ուղղաթիռ Լիտվայի կողմից հատել է Բելառուսի սահմանն ու շուրջ 800 խաղալիք նետել Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Ալեքսանդր Լուկաշենկայի տիրակալության տակ ապրող քաղաքացիներին։ Օդից իջած նվերը բելառուսցիներին զարմացրել է, իշխանություններին՝ հունից հանել... հատկապես՝ դրանց ամրացված ժողովրդավարական կարգախոսների պատճառով։

«Խաղալիքները պահանջում են Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանություն», «Մեզ չեք կարող լռեցնել», - հայտարարել են դեռեւս անհայտ մարդկանց կողմից Մինսկի մերձակայքում «դեսանտ» իջեցված սպիտակ արջուկները։

Հատկանշական է, որ ակցիայի իրականացման առաջին իսկ օրից պաշտոնական Մինսկը հայտարարում էր, թե նման բան չի կարող պատահած լինել, եւ որ երկրի անառիկ սահմանը որեւէ ուղղաթիռ չի հատել։

Այդուամենայնիվ, օրեր առաջ Բելառուսի անվտանգության մարմինները ձերբակալել են 20-ամյա լրագրող, իրավապաշտպան Անտոն Սյուրապինին, ով ինտերնետի իր էջում ակցիայի մասին պատմող լուսանկարներ էր տեղադրել։ Այժմ ԿԳԲ-ն երիտասարդին մեղադրում է օտարերկրյա ուժերին օժանդակելու եւ երկրի սահմանը ապօրինի խախտելու մեջ։

«Սա իսկական անհեթեթություն է` նա ո՛չ լուսանկարել է, ո՛չ էլ եղել է այդ ակցիայի իրականացման վայրում», - «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանն ասել է ձերբակալված լրագրողի մայրը։

Սյուրապինի փաստաբանն էլ BBC-ի հետ զրույցում նշել է, թե իր համոզմամբ` իշխանություններն ընդամենը ուզում են այս ձերբակալությամբ ճնշել լրագրողին եւ ճշտել ինֆորմացիայի նրա աղբյուրները:

«Տարօրինակ է, որովհետեւ Բելառուսի իրավապահ մարմինները դեռեւս որեւէ մեղադրանք չեն ներկայացրել շվեդական ընկերությանը, որը հրապարակավ հայտարարել է սահմանը հատելու եւ խաղալիքները նետելու մասին, փոխարենը հետապնդում են լրագրողին, որը հրապարակել է այդ մասին լուսանկարները», - ասում է փաստաբանը։

Եթե լրագրողին ներկայացված մեղադրանքն ապացուցվի, նա կարող է 7 տարվա ազատազրկման դատապարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG