Մատչելիության հղումներ

Երկաթուղային վթարի հետևանքով մի քանի ցիստեռն բենզին է այրվել


Երկաթգծի կայարան Հայաստանում, արխիվ
Երկաթգծի կայարան Հայաստանում, արխիվ
Շաբաթ լույս կիրակի գիշերը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 1:37, ահազանգ է ստացվել, որ Դալարիկ - Քարակերտ երկաթուղային կայարանների՝ ե/գ 2808 կմ-ի, 1-3 ուղեհատվածում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսից, շրջվել և բռնկվել, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: «Մասիս» երկաթգծի կայարանից դեպքի վայր է մեկնել շոգեքարշ, իսկ «Գյումրի» կայարանից՝ հրշեջ-գնացք:

Պարզվել է, որ Գյումրի - Մասիս երթուղու գնացքի 4 բենզատար ցիստեռն դուրս են եկել գծերից, շրջվել և բռնկվել:

Այնուհետև պարզվել է, որ գնացքի 34 վագոնից 6-ը բեռնված է ցորենով, 15 ցիստեռն՝ բենզինով, 11 բեռնատար վագոն դատարկ է և 2 վագոն բեռնված է փայտակոճերով:

Պատահարի հետևանքով 5 ցիստեռն դուրս է եկել ռելսերից, շրջվել և բռնկվել, իսկ մեկը այրվել է երկաթգծի ուղու վրա:

Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն:

«Գյումրի» կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը՝ 1 վագոնը դուրս եկած էր գծից:

Հրշեջ-գնացքը իրականացրել է հովացման աշխատանքներ:

Ժամը 03:33 հրդեհը մեկուսացվել է, ժամը 06:04՝ մարվել:

Ամբողջությամբ այրվել է 4 ցիստեռն, 2-ը՝ մասամբ, և երկաթգծի մոտ 100 մետր երկարության վրա` փայտակոճեր:

Դեպքի վայրում են գտնվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և այլ ստորաբաժանումների, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG