Մատչելիության հղումներ

Ucom-ը դառնում է չորրորդ օպերատորը


ՅՈՒՔՈՄ-ը դառնում է չորրորդ օպերատորը
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

ՅՈՒՔՈՄ-ը դառնում է չորրորդ օպերատորը

Հայաստանում ձայնային ծառայություններ և շարժական ինտերնետ տրամադրող չորրորդ օպերատորը կդառնա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Ucom-ը, որը արդեն մի քանի տարի է տրամադրում է ինտերնետ, հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ։

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում Ucom-ի դիմումի համաձայն քննարկվեց և միաձայն հաստատվեց ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից ռադիոհաճախականություններ տրամադրելու հարցը։

Ինքը՝ ՊԵԿ նախագահը, այս ընկերության հետ իր կապը չի թաքցնում։ Տարեսկզբին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի և քաղաքացի Ռ. Նիկողոսյանի դիմումների համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քննարկել էր Գագիկ Խաչատրյանի հնարավոր կապը մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Ucom-ի հետ։ Հանձնաժողովին տրամադրած բացատրագրում Խաչատրյանը հավաստել էր, որ Ucom-ի հետ առնչություն ունեն իր հետ փոխկապակցված անձինք, մասնավորապես, ընկերության 41 տոկոսը պատկանում է իր հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին։ Մինչդեռ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես Ucom-ի հիմնադիրներ նշված են երկու անձինք՝ Էդուարդ Մնացականյանը և Գուրգեն Խաչատրյանը։

Ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ Ucom-ը մտավ ֆիքսված հեռախոսակապի շուկա, մի շարք պետական կառույցներ, այդ թվում՝ ՊԵԿ-ը, փոխեցին իրենց օպերատորին և «Բիլայնից» անցան հենց Խաչատրյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերությանը։

Այս հարցի շուրջ նույնպես ՊԵԿ նախագահը բացատրություն էր տվել՝ նշելով, որ ծառայությունների համար պայմանագրերը օրենքով կնքվում է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի կողմից, և որ ինքը այդ հարցի հետ կապ չունի։

Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը, «Ազատության» հարցին ի պատասխան, հաստատեց, որ ընկերության բաժնետերերի թվում է նաև Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչը, այդուամենայնիվ պնդեց, որ ֆիքսված հեռախոսակապի շուկայում ընկերությունը շարունակ առաջընթաց է արձանագրում ոչ թե այդ ազգակցական կապի, այլ որակ-գին շահավետ հարաբերակցության շնորհիվ։

Ընդ որում, Ucom-ում հավաստիացնում են, որ ՊԵԿ նախագահի աջակցությունից չեն օգտվելու նաև անլար կապի ոլորտում, որտեղ արդեն երեք խոշոր խաղացողներ կան։ Այս ընկերությունների ներկայացուցիչները դեռևս խուսափում են կանխատեսումներ անել հնարավոր անարդար մրցակցության մասին։ «Բիլայն» ընկերության մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ զերծ են մնում քաղաքական մեկնաբանություններից։

Ի տարբերություն «Բիլայնի», «Օրանժում» Ucom-ին ռադիոհաճախականություններ տրամադրելու իմաստը չեն հասկանում։ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս որոշումը իրենց համար անակնկալ էր։

«Դժվար է հասկանալ թե դա ինչի կհանգեցնի շուկայում, հեռահաղորդակցության շուկան արդեն զարգացած է և մրցունակ է տեխնոլոգիապես, սակայն սա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն է, և մենք դա ընդունում ենք ի գիտություն»,- ասաց նա։

Տնտեսական վերլուծաբան Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ չորրորդ օպերատորի հայտնվելը տնտեսական տեսանկյունից լավ է, մինչդեռ իրական կյանքում այն ոչ մի դրական բան չի բերի։ Նա նշեց, որ այս ընկերությունը մեծ առավելություններ ունի ֆիքսված հեռախոսակապի շուկայում, և նման ընկերության մուտքը անլար ձայնային կապի շուկա վտանգավոր է։

«Հավասար պայմաններ չեն լինի, օրինակ, ֆիքսված հեռախոսակապի նման կտեսնենք, եթե պետական ծառայողներին բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություններ եթե, ուրեմն իրենք կսկսեն օգտվել միայն Ucom-ից, այս պայմաններում նմանատիպ մի ընկերության հայտնվելը, որը ՊԵԿ-ի կողմից աջակցություն է վայելում, վտանգավոր է»,- կարծում է Խաչատրյանը։

Ի դեպ, Ucom-ը ծածկույթ կապահովվի փուլային տարբերակով՝ սկզբնական շրջանում մայրաքաղաքում և մոտակա բնակավայրերում, այնուհետև նաև ամբողջ հանրապետությունում։
XS
SM
MD
LG