Մատչելիության հղումներ

Կոմիտաս 5-ում կրկին լարված իրավիճակ է


Կոմիտաս 5-ում շինարարության դեմ բողոքի ակցիա Քաղաքապետարանի շենքի մոտ:
Կոմիտաս 5-ում շինարարության դեմ բողոքի ակցիա Քաղաքապետարանի շենքի մոտ:
Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ բողոքող բնակիչներն այսօր հերթական անգամ պահանջում էին, որ «Լիբեր» ընկերությունը դադարեցնի շինարարական աշխատանքները, քանի որ կա դատարանի համապատասխան որոշումը:

Բնակիչները երեկ ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է իրենց ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերությանը նշված հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը` «մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:

Առավոտյան, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում էին:

Բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվին, սակայն անմիջապես վերսկսվեցին նրանց հեռանալուց հետո:

Բնակիչները երկրորդ անգամ զանգահարեցին ոստիկանություն: Այս անգամ ոստիկանները ստիպեցին աշխղեկին դադարեցնել աշխատանքը: Բայց երբ ոստիկանը դուրս եկավ շինհրապարակից` արձանագրություն կազմելու, կրկին լսվեց աշխատող շինտեխնիկայի ձայնը: Ոստիկանության ներկայացուցիչը ստիպված էր կրկին մտնել շինհրապարակ ու ստիպել, որ աշխատանքը դադարեցվի:

Երբ թվում էր, թե հարցը լուծված է, տարածքում հայտնվեց շինարարության ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը: Նա պնդեց, թե որևէ ապօրինություն տեղի չի ունենում, և իրենք շարունակելու են շինարարությունը:

Վկայակոչելով Վարչական դատարանի որոշման այն կետը, ըստ որի այն «ենթակա է անհապաղ կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով»`Խաչատրյանը պնդում էր, թե շինարարությունը դադարեցնելու իրավունք ունի միայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը:

Ոստիկանները ընդունեցին նրա փաստարկները, ինչը հարուցեց բողոքող բնակիչների վրդովմունքը:

Բնակիչներից մեկի հարցին` «Բա դուք ինչի՞ իրավունք ունեք այդ դեպքում», ոստիկանն արձագանքեց. - «Ես իրավունք ունեմ պաշտպանելու հասարակական կարգը»:

Բնակիչները անիմաստ համարեց այսօր շարունակել պայքարը, քանի որ վստահ էին, որ եթե իրենք խոչընդոտեն շինարարական աշխատանքները, ոստիկանները կպաշտպանեն շինարարությունն իրականացնողներին:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից «Ազատությանը» խոստացան բոլոր հարցերին պատասխանել առաջիկա երկուշաբթի օրը:
XS
SM
MD
LG