Մատչելիության հղումներ

Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքները վերսկսվեցին


Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքները վերսկսվեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Մի քանի տասնյակ ոստիկանների աջակցությամբ Կոմիտաս 5-ում այսօր վերսկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք դադարեցվել էին անցած շաբաթ տեղի բնակիչների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաներից հետո:

Հարակից շենքերի բնակիչները՝ հիմնականում կանայք, առավոտյան փորձեցին չթույլատրել շինաշխատանքների վերսկսումը, սակայն ոստիկանները, ուժ կիրառելով, բնակիչներին հեռացրեցին շինհրապարակից:

«Երկու օրվա ընթացքում իրենք ընդլայնել են ամբողջ տարածքը: Տեղից էլ շատ մեծ էր, ընդլայնել են մեկ-երկու մետրով ավելի մեծ։ Եվ դա գտնվում է 7-8 շենքի մեջտեղում, հսկայական տարածք, որտեղ իրենք կառուցելու են 14-ից 18 հարկանի շենք: Ինքը իր բերանով ինձ է ասել՝ ես չեմ կարող 7 հարկանի կառուցել, ես պետք է իմ 14 պաշտպանեմ, որովհետև ես տակ եմ տալիս, դուք իմ երեխաների հացն եք կտրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց շենքի կառուցման դեմ բողոքող բնակիչներից մեկը:

Առավոտյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ խիստ վատացավ 87-ամյա տիկին Էմմայի ինքնազգացողությունը: Նա նույնպես եկել էր բողոքելու շինարարության վերսկսման դեմ: Տեղ հասած շտապօգնության անձնակազմը առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո առաջարկեց տարեց տիկնոջը տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվեց, պատճառաբանելով, թե գումար չունի բժիշկներին վճարելու համար:

Ժամանակ առ ժամանակ լարված իրավիճակ էր առաջանում մի կողմից բնակիչների ու քաղաքացիական ակտիվիստների, իսկ մյուս կողմից ոստիկանների միջև:

Շենքի կառուցապատումն իրականցնող «Լիբեր» ՍՊԸ-ն առայժմ ունի միայն նկուղի շինարարություն իրականացնելու թույլտվություն և չունի փողոցի վերգետնյա մասի կառուցման թույլտվություն: Մոտ երկու շաբաթ առաջ, երբ Կոմիտաս 5 էր այցելել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, բնակիչները խնդրեցին նրանից դադարեցնել շինարարությունը մինչև չլինի նաև վերգետնյա մասի իրենց հետ համաձայնեցված և հաստատված նախագիծ, փոխքաղաքապետը խոստացավ քննարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և բնակիչներին տեղյակ պահել։

Սակայն ինչպես այսօր փոխանցեցին բնակիչները, իրենք մինչ օրես որևէ լուր չունեն Դավիթ Օանյանից, իսկ շինաշխատանքները վերսկսվել են:

Բնակիչները մտավախություն ունեն, որ չնայած բանավոր հավաստիացումներին, տարածքի սեփականատեր-կառուցապատողը ի վերջո կարող է կառուցել ոչ թե 7 հարկանի շենք, այլ 7-ից բարձր, ինչը տնտեսապես ավելի ձեռնտու է սեփականատիրոջը, սակայն այդ պարագայում կառուցվելիք շենքի հիմքերը ընդլայնվելով ավելի կմոտենան հարակից շենքերին՝ վտանգելով վերջիններիս ամրությունը: Բնակիչները պնդում են՝ կառուցվելիք շենքի տակ պինդ ժայռ է, որը, փորձելով կոտրել, ցնցում են իրենց տների հիմքերը: Բայցի այդ բնակիչները դեմ են կառույցին՝ հիմնավորելով, թե նման նեղ տարածքում՝ շրջապատված մի քանի հինգհարկանի շենքերով, բարձրահարկ շենքը կփակի հրշեջ և շտապ օգնության մեքենաների մուտքը, կփակի իրենց տների լուսավորությունը։

Այսօր կապվեցինք նաև «Լիբեր» ընկերության սեփականատեր Էդվարդ Աբրահամյանի հետ, ով, սակայն, խոստացավ մեր հարցերին պատասխանել ոչ այսօր:

Ի դեպ, Կոմիտաս 5-ի հարակից շենքերի բնակիչները՝ մոտ հարյուր հոգի, այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, թե ուղիղ մեկ ամիս առաջ դիմել են Հայաստանի վարչապետին, Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով հիմնավորումներ (այդ թվում՝ իրավական), թե ինչու պետք է դադարեցվեն շինաշխատանքները, սակայն առ ոչ մի պատասխան չի ստացվել:
XS
SM
MD
LG