Մատչելիության հղումներ

Ավետիսյանի ընկերները կալանավայրի մոտ նրան աջակցող ակցիա անցկացրին


Ավետիսյանի ընկերները կալանավայրի մոտ նրան աջակցող ակցիա անցկացրին
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։

Ավետիսյանի նկարով պաստառն ու եռագույն դրոշները վեր պահած նրանք բարձրախոսի միջոցով դիմեցին անազատության մեջ գտնվող ազատամարտիկին.- «Վոլոդյա Ավետիսյանի դեպքը անցնում էր բոլոր սահմանները։ Մի մարդը, ով Արցախի ազատամարտի հերոս է, մի մարդ, ով կարողացել է ազատագրել Քարվաճառը և ամբողջ իր գիտակից կյանքը նվիրել է հայոց պետականությանը, այսօր գտնվում է այս պատերի ետևում՝ միայն մի բանի համար, որ ասել է՝ Հայաստանը և Արցախը ազատագրած ազատամարտիկը իրավունք ունի իր իսկ ազատագրած երկրում ապրի արժանապատիվ»։

Իշխանություններն քննադատության արժանացան ոչ միայն ազատամարտիկի դեմ, ինչպես նա ու նրա ընկերներն են հայտարարում, շինծու մեղադրանք առաջադրելու, այլև մարդկանց սոցիալական վատ պայմանների մեջ գցելու համար։
«Հեռուստատեսությամբ տեսա, որ Հայաստանի կառավարությունում վարչապետի հրավիրած բրիֆինգի ժամանակ բոլոր նախարարները և գերատեսչական մարմինների ղեկավարները հագել էին դաշտային համազգեստ։ Հասկացա, որ ոնց որ իրենք էլ են ազատամարտիկ։ Բայց մի քանի օր առաջ տեսանք, որ իրենց աշխատավարձերը բարձրացեն, իրենց երևի թվաց, թե մենք պայքարում ենք իրենց համար։ Վոլոդյա Ավետիսյանը նկատի չուներ իրենց՝ որպես ազատամարտիկ, այսօր փաստ է, որ մենք բոլորս գտնվում ենք բյուջեից դուրս»,- ասում էր ղարաբաղյան պատերազմի վետերաններից մեկը։
Քրեակատարողական հիմնարկի ոչ մի աշխատակից չմոտեցավ բակում բողոքի ակցիա անցկացնող ազատամարտիկներին, փոխարենը ցուցարարներին գովեստի և աջակցության խոսքերով միացան ազատազրկվածներին տեսակցության եկած կամ սնունդ բերած հարազատները։
Քիչ անց աջակցության կոչեր հնչեցին նաև կալանավայրի ներսից՝ ճաղերի այն կողմից։
Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու հայտարարում է, որ իրեն մեկուսացրել են քաղաքական հայացքների համար։ Մոտ կես տարի առաջ Ավետիսյանն ու ընկերները բողոքի ակցաիներ սկսեցին՝ իշխանություններից պահանջելով լուծել ազատամարտիկների սոցիալական հարցերը։ Նրանց ընդունեց անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոստանալով բողոքները փոխանցել խորհրդարան։ Պաշտոնյաների այդ խոստումները, ըստ ազատամարտիկների, դեռ իրականություն չեն դարձել, փոխարենը իրենց զինակից ընկերը հայտնվել է անազատության մեջ։
Ավետիսյանի աջակիցները հայտարարում են, որ կշարունակեն պայքարն այնքան, մինչև ազատամարտիկը ազատության մեջ հայտնվի։
XS
SM
MD
LG