Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները Ավետիսյանին ազատ արձակելու պահանջագիր ներկայացրին


Ազատամարտիկները Ավետիսյանին ազատ արձակելու պահանջագիր ներկայացրին
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00
Այսօր մի քանի տասնյակ ազատամարտիկներ երթով Հրապարակից շարժվեցին գլխավոր դատախազություն։ Նրանք գլխավոր դատախազից պահանջում են, իրենց ձևակերպմամբ, վերականգնել օրինականությունն ու ազատ արձակել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին։

«Ազատամարտիկները և ցանկացած քաղաքացի հոգնել է գրել դիմումներ, որի առաջին բառը՝ խնդրում եմ ձեզ։ Այս անգամ մենք չենք խնդրում, պահանջում ենք, անհապաղ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին և դադարեցնել նրա նկատմամաբ քրեական հետապնդումը»,- ասվում է պահանջագրում։

Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը արդեն մեկ ամիս է՝ ճաղերի հետևում է խարդախության և քաղաքացուց 2000 դոլար հափշտակելու մեղադրանքով։ Մինչ օրս, ըստ փաստաբանի, քրեական գործի վերաբերյալ իրեն որևէ տեղեկություն չի տրամադրվել, տուժողի հետ առերեսում չի կազմակերպվել։ Փոխարենը երեկ կալանված ազատամարտիկին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այժմ նա կասկածվում է նաև խարդախության փորձ կատարելու մեջ։ Ընկերներն այստեղ հստակ դիտավորություն են տեսնում։

«Ամեն ինչ անում են, որ համաներումը չտարածվի։ Եթե կան մի քանի մեղադրանքներ, որի համագումարով կարող է գերազանցել 5 տարին, ուրեմն այդ հարցը լուծում է դատարանը։ Դատարաններն էլ նույն կերպ ենթարկվում են կենտրոնից հրահանգներին»,- «Ազատության» հետ զրույցում նշեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը։

Դատախազության շենքից ազատամարտիկները շարժվեցին դեպի կառավարություն, որի վարած քաղաքականության դեմ Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ակցիաներ էր կազմակերպում։

Ամիսներ առաջ վարչապետն ընդունել էր Ավետիսյանին, լսել բողոքներն ու խոստացել դրանց լուծումները փաթեթով Ազգային ժողով ներկայացնել։

«Դուք ստել եք, պարոն վարչապետ, դուք խաբել եք մեզ բոլորիս։ Եթե ձեզ թվում է, որ Վոլոդյա Ավետիսյանին խաղից հանելով՝ դուք կարող եք հարցը փակել, դուք չարաչար սխալվում եք։ Բոլորին բանտ գցել ձեզ չի հաջողվի։ Դիմում ենք ձեզ, ուղղել իրադրությունը, այլապես ամեն ինչ իր ափերից դուրս կգա»,- հայտարարեցին ազատամարտիկները։

Ազատամարտիկի մարտական ընկերներն այսօր ասացին, որ պայքարը շարունակելու են. դա կլինի նստացույցի, թե շաբաթը մի քանի անգամ ակցիաներ անցկացնելու տեսքով, դեռ չեն հստակեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG