Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է իր դեմ «ոտնձգությունները»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր զինակիցները ապրիլի 9-ի երթի ժամանակ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր զինակիցները ապրիլի 9-ի երթի ժամանակ
«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում որպես իր դեմ ոտնձգություններ է գնահատում Ազգային ժողովի նախագահի կողմից երեկ հաստատված «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության կարգը» և դրա վրա հենվող «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին» կարգադրությունը:

Ընդդիմադիր կուսակցությունը խստիվ դատապարտում է այդ կարգի և կարգադրության գործադրումը, որի հետևանքով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս մնաց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմից, և հայտարարում է, որ հետամուտ կլինի հասանելի բոլոր միջոցներով դրանց բողոքարկմանն ու փոփոխմանը: «Ժառանգություն»-ը համոզված է, որ պատվիրակության կազմում ներկայացվածությունից իր խորհրդարանական խմբակցության զրկվելը հակասում է ԵԽԽՎ-ի կանոնակարգին:

«Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ում ուժի մեջ մտած փաստաթղթերը ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունն են ոտնահարում, այլև բազմակարծության խաթարման և ԱԺ պատգամավորի՝ քաղաքական հայացքների համար հետապնդման պրակտիկա են հաստատում: ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը և ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, և տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաև ոչ իշխանական կուսակցությունները», - հայտարարում է «Ժառանգություն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG