Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Յագլանդին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Երևանում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։

Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին՝ Նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։

Նշելով, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել, արտգործնախարարը վստահեցրել է, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակներն առաջ մղելու գործում:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը և արդեն իսկ կատարված աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և այլ հարցերի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG