Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց Մամեդյարովին և համանախագահներին


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարները և համանախագահները շարունակել են քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։

Համանախագահները ընդգծել են իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակոչել են այս տարվա հունիսի 18-ի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որևիցե գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին և հակամարտության սրմանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Համանախագահները տեղեկացրել են, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված գագաթնաժողովին առնչվող հարցեր, ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում։

Նույնը փոխանցում են նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպման վերաբերյալ իրենց հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG