Մատչելիության հղումներ

«ԵՄ-ն տեղեկացված է եղել Մաքսային միություն մտնելու մոտեցումների մասին»


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Եվրամիությունը տեղեկացված է եղել Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մոտեցումների մասին, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Ես ձեզ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Եվրոպական միության մեր գործընկերներին մենք տեղեկացրել ենք մեր այս մոտեցման մասին»,- հայտարարեց Բաղդասարյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական Երևանը չորս տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, երբ բարեհաջող ավարտել էր Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները և պատրաստվում էր նոյեմբերին այն ստորագրել, հանկարծ որոշեց, որ մտնում է Մաքսային միություն, Արթուր Բաղդասարյանը բացատրեց, թե Եվրամիության հետ ընթացող բանակցություններին զուգահեռ Հայաստանը շուրջ մեկ տարի Մաքսային միության հետ կապված հարցերը ակտիվորեն քննարկել է Ռուսաստանի հետ։

«Խորը և համապարփակ առևտրի բանակցությունները ընթացել են, կարելի է ասել՝ 99 տոկոսով աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին, և մեզ համար հասկանալի է դարձել, թե ինչ է տալու ազատ առևտրի պայմանագիրը Հայաստանին։ Դրան զուգընթաց մենք շատ սերտորեն աշխատել ենք Եվրասիական հանձնաժողովի հետ, կոնսուլտացիաներ են եղել ամիսներ շարունակ ռուսական կողմի հետ։ Այդ գործընթացները զուգընթաց են տարվել։ Այլ խնդիր է, որ մի գործընթացի մասին պարբերաբար տեղեկատվություն է եղել՝ նիստեր են եղել և այլն, մյուսի մասին շատ ավելի քիչ»,- ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Երբ ուսումնասիրությունները երկու ուղղությամբ էլ ավարտվել են, Բաղդասարյանի փոխանցմամբ, հայկական կողմը հասկացել է՝ Հայաստանի շահերը բխում են Մաքսային միությունից։ Պաշտոնական Երևանը նաև հասկացել է, թե ինչ լուրջ վտանգներով է հղի Մաքսային միություն չմտնելու որոշումը։

«Այսօր ուսումնասիրվել է մանրամասնորեն Հայաստանից ինչ արտահանման ներուժ ունենք, որ երկրներ են արտահանում։ Դրանք գերազանցապես Մաքսային միության երկրներ են։ Այսօր ուսումնասիրվել է, թե Մաքսային միության անդամ երկրները ինչ տարիֆային սակագներ են կիրառելու ոչ անդամ երկրների նկատմամբ։ Եվ այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչ վիճակում կարող են հայտնվել հայկական ապրանք արտադրողները։ Մեր տնտեսությունը առանց այդ էլ գտնվում է շատ ծանր վիճակում, ուրեմն տնտեսության համար ամբողջությամբ փակել Մաքսային միության 300 հարյուր միլիոնանոց շուկան.... Այսօր 2.5 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում և այդ թիվը անընդհատ ավելանում է։ Հիմա այդ մարդկանց վիճակը ո՞նց է լինելու... Այսինքն այս ուսումնասիրությունները կատարվել են և դրանց արդյունքում քաղաքական որոշում է կայացվել»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով. - «Այս մասին պատշաճ կարգով ծանուցել ենք մեր բոլոր գործընկերներին, բազմիցս քննարկումներ են եղել, բանակցություններ են եղել, և ԵՄ-ից էլ շատ լավ արձագանք կա»։

Շարունակելով ներկայացնել այն օգուտները, որոնք կստանա Հայաստանը Մաքսային միություն մտնելուց հետո՝ Բաղդասարյանը տեղեկացրեց, թե Մոսկվայում ստորագրված հռչակագրի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը մասնակցելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը և դիվերսիֆիկացմանը, իսկ դա նշանակում է նոր տնտեսական ծրագրեր Հայաստանում, որոնց մասին հանրություն առաջիկայում կտեղեկանա։

Բաղդասարյանը որպես ձեռքբերում ներկայացրեց նաև ՌԴ-ի հայտարարությունը, թե Հայաստանի երկաթուղային հաղորդակցության ոլորտում խոշորածավալ ֆինանսական ներդրումներ են արվելու։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ քննարկվել է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը, և այս առումով բավական ուշագրավ հայտարարություն արեց։

«Քննարկվել է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը, որը Հայաստանի տնտեսության համար ունի ստրատեգիական նշանակություն։ Վրացական կողմը իր համաձայնությունը տվել է, ռուսական կողմը իր համաձայնությունը տվել է, աբխազականը՝ նույնպես»,- ասաց նա։

Նկատենք, սակայն, որ վրացական կողմն առայժմ իր համաձայնությունը չի տվել աբխազական երկաթուղու վերաբացման խնդրի շուրջ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալու խնդիրը լուծվել է։ Հետևաբար, այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին խնդրեցինք բացատրել, թե ի՞նչ ճանապարհով։

«Նոր սահման չենք հայտնաբերել։ Խնդիրը վերաբերում է նրան, թե ընդհանուր սահման չունեցող երկրները կարո՞ղ են լինել մեկ միասնական տարածքում։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա հնարավոր է և խոչընդոտ չէ»,- ասաց պաշտոնյան։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանում ժողովուրդը բացարձակապես տեղեկացված չէր, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն, Բաղդասարյանը հայտարարեց՝ որևէ գաղտնի բան չի եղել.- «Այդ մասին ով անհրաժեշտ է, տեղեկացված է եղել»։

Տեղեկացվածների շրջանականում, ըստ Բաղդասարյանի, եղել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցել է Մաքսային միություն մտնելու քննարկումներին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը փորձեց բացատրել նաև, թե ինչպես կարող էր վարչապետը հրապարակավ դեմ արտահայտվել Մաքսային միությանը, հետո կտրուկ փոխել դիրքորոշումը։

«Հիմա վարչապետը ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր ունի այլ կարծիք»,- ասաց նա։

Հավելենք, որ չնայած Եվրամիությունից հնչող խիստ գնահատականներին, Հայաստանը շարունակում է պնդել, թե պայմանագիրը ստորագրելու բոլոր հիմքերը կան։

«Այդ պայմանագիրը նախաստորագրելու բոլոր հիմքերը կան, աշխատանքները ավարտված են։ Մենք այսօր էլ ենք հայտարարում, որ Բրյուսելի հետ պարտրաստ ենք նախաստորագրել, ի՞նչ որ բան է փոխվել»։

Մեր դիտարկմանը, թե եվրոպացիները հակառակն են պնդում, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Դու էն մարդկանց տեղը ինչո՞ւ ես [խոսում]։ Ոնց որ ասում են, եկեղեցուց մենք ենք գալիս, տերողորմյան դու ես ասում»։
XS
SM
MD
LG