Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը ընդունել է դեսպան նշանակվելու առաջարկությունը


Վահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյան
Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր Yerkir.am կայքին տված հարցազրույցում հաստատել է, որ ստացել է դեսպան դառնալու առաջարկ և ընդունել է այդ առաջարկը։

«Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, և իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, և կուսակցությունը ևս տվել է իր համաձայնությունը»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը ասել է, որ արտառոց չի համարում արտասահմանում Հայաստանը ներկայացնելու առաջարկը, քանի որ տարիներ շարունակ աշխատել է արտաքին հարաբերությունների ասպարեզում։

«Արված առաջարկն ունի գործնական բնույթ և չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետևանք, հետևաբար, չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից` այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին և իր համար ևս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել ևս` դիրքորոշումները վերանայելու խնդիր»,- հայտարարել է դաշնակցական գործիչը։

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որ այս նշանակումը Դաշնակցության քաղաքական ուղեգծի փոփոխության մասին է վկայում, ՀՅԴ Բյուրոյի անդամը ասել է. - «Որոշ լրատվամիջոցներ սխալվում են, ինչպես դա շատ հաճախ է պատահում: Դա արվում է միտումնավոր՝ հանրությանը ապակողմնորոշելու համար, իբրև թե հարցը թյուրըմբռնման արդյունք է՝ չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն՝ Դաշնակցության քաղաքական ուղեգիծը չի որոշվում նրա անդամների կամ նույնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտոնով և այլն: Ես չեմ կարծում, որ իմ կամ մեկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելույթը մեր` կոալիցիայում եղած ժամանակ և հիմա շատ է տարբերվում իր բովանդակությամբ: Ով չի հավատում, կարող է համեմատել: Մենք նույնն ենք կոալիցիայում կամ դրանից դուրս, ընդդիմության շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG