Մատչելիության հղումներ

“Давай до свиданья”-ի բոլոր գլխավոր հերոսները աջակցում են Ալիևին


Ռուստամով եղբայրների նոր` «Հայրենասերը» հոլովակը նվիրված է Ադրբեջանի գործող նախագահին, Ալիևին աջակցելու մասին բանտից հայտարարություն է տարածել Հիլալ Մամեդովը:

Գյուղական հարսանիքներից մինչև Իլհամ Ալիևի նախընտրական հոլովակ: Այս սրընթաց վերելքը մեյխանա ոճի լենքորանցի աստղեր Ինթիգամ և Էհթիրամ Ռուստամովները հաղթահարեցին ընդամենը մեկ տարում:

Երեկ համացանցում հայտնվեց 2012 թվականի ինտերնետային ամենաաղմկալի իրադարձություններից մեկի` հայտնի “Давай до свиданья”-ի գլխավոր հերոսների` Ռուստամով եղբայրների նոր` «Հայրենասերը» կոչվող հոլովակը:

Հինգ րոպե տևողությամբ այս երգի հոլովակն ամբողջությամբ նվիրված է Իլհամ Ալիևին և նկարահանված է Հարավային Կովկասում պաշտոնավարող նախագահների քարոզարշավներին բնորոշ ավանդական ոճում` ծածանվող դրոշներ, նորաբաց գործարաններ ու մայրուղիներ, ռազմական շքերթ և իհարկե՝ ուղղաթիռից նկարահանված մայրաքաղաքի անընդհատ կրկնվող համայնապատկեր:

Ռուստամով եղբայրները հայտնի դարձան այն բանից հետո, երբ Ադրբեջանում ապրող՝ թալիշական միակ «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովը Աստարայի շրջանի Թանգիյուրդ գյուղում տեղի ունեցած հարսանիքի տեսագրությունը տեղադրեց Youtube-ում: Երկու շաբաթում այն դիտեց շուրջ 3 միլիոն օգտատեր: Ծավալված աժիոտաժն այն աստիճանի էր, որ կիրակնօրյա փրայմ-թայմում Ռուստամով եղբայրներին առանձին մի ռեպորտաժ նվիրեց Ռուսաստանի դաշնային երեք առաջատար հեռուստաալիքներից մեկը` НТВ-ն:

Սպասելի էր, որ ծավալված այս աղմուկն ու դրան զուգահեռ՝ երկրի հարավում ապրող թալիշների մասին չդադարող հիշատակումները պետք է առաջացնեին Բաքվի դժգոհությունը: Ալիևի վարչակազմի գլխավոր զոհը, սակայն, դարձան ոչ թե երգիչները, այլ հոլովակը համացանցում տեղադրած անձը` թալիշական շարժման ակտիվիստ Հիլալ Մամեդովը: Նրան ձերբակալեցին տեսահոլովակի համացանցում հայտնվելուց մեկ ամիս և НТВ-ին տված հարցազույցի հեռարձակումից երեք օր անց: Ներկայացված մեղադրանքների շրջանակը բավական տպավորիչ էր` թմրանյութեր պահելուց մինչև հայրենիքի դավաճանություն:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Հիլալ Մամեդովին դեռ անցած տարի էին քաղբանտարկյալ ճանաչել:

Այս ֆոնին ավելի քան տարօրինակ էր ադրբեջանական haqqin.az կայքի երեկ հրապարակած տեղեկությունը, որի համաձայն՝ թալիշ ակտիվիստը բանտից հայտարարություն է տարածել, որում իր միանշանակ աջակցությունն է հայտնում Իլհամ Ալիևին: «Թե՛ մինչև իմ ձերբակալությունը և թե՛ հետագայում ես մշտապես աջակցել եմ Ադրբեջանի զարգացմանը: Հեյդար Ալիևի արժանի հետնորդ Իլհամ Ալիևը հաջողությամբ աշխատում է այդ ուղղությամբ», - հայտարարում է ձերբակալված ակտիվիստը:

Ուշագրավ է, որ Մամեդովի այս հայտարարությունը մամուլում հայտնվեց այն նույն ժամերին, երբ Ռուստամով եղբայրների՝ Իլհամ Ալիևին նվիրված հոլովակը տեղադրվեց համացանցում:

Այսպիսով, կարելի է արձանագրել` ընտրությունների շեմին “Давай до свиданья”-ի բոլոր գլխավոր հերոսները աջակցում են Ադրբեջանի գործող նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG