Մատչելիության հղումներ

«Դիկտատուրայի տապալումը բավական չէ դեմոկրատիայի համար»


Ամերիկացի վերլուծաբան Ֆրենսիս Ֆուկույամա, արխիվ
Ամերիկացի վերլուծաբան Ֆրենսիս Ֆուկույամա, արխիվ

Երկու տասնամյակ առաջ ԽՍՀՄ-ը և տնտեսվարման սոցիալիստական համակարգը տապալվել են։ Սակայն ազատ շուկայի և դեմոկրատիայի արժեքները Արևելյան Եվրոպայում և նախկին խորհրդային տարածքում դժվարությամբ են հաստատվում։

Ամերիկացի աշխարհահռչակ գիտնական Ֆրենսիս Ֆուկույաման «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում վերլուծում է այդ խնդիրը։ Նա ասում է, որ Ռուսաստանը հետզհետե ավելի է հեռանում է դեմոկրատիայից։ Դա սկսվել է Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում։ Նման գործընթաց է նկատվում նաև Ուկրաինայում։

«Չկա քաղաքական ուժերի ազատ մրցակցություն։ Ինֆորմացիայի տարածումը և խոսքի ազատությունը սահմանափակվում են։ Ուկրաինան էլ տխուր օրինակ է, 2003 թվականին այդ երկիրն ուներ իսկական դեմոկրատիա կայացնելու շատ լավ հնարավորություն, բայց երբ իշխանությունը Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց, նա դրսևորեց իր ավտորիտար բնազդները», - ասել է Ֆուկույաման։

Ինչո՞ւ են նախկին խորհրդային երկրները հայտնվում բռնապետության վտանգի տակ․ Ֆրենսիս Ֆուկույամայի կարծիքով, կա մի քանի պատճառ։

Նախ, անցումային շրջանը շատ քաոսային էր։ Դեմոկրատական ուժերի միավորում չկար։ Օրինակ, Ուկրաինայում «նարնջագույն կոալիցիայի» ներսում եղել են պառակտումներ, և շարժումը երկրի լավ կառավարում չի ապահովել։ Բայց ավելի խորքային պատճառն այն է, որ այդ երկրները խորհրդային-կոմունիստական ժամանակներից չեն ժառանգել ամուր հաստատություններ։

Չեն եղել կայացած կուսակցություններ, քաղաքացիական հասարակարգ չկար կամ շատ թույլ էր։ Կար պետություն, որը հզոր էր ճնշող գործառույթների առումով, բայց թույլ՝ հանրային ծառայություններ մատուցելու տեսակետից, չկար օրենքի գերակայություն, որևէ բան անելու համար պահանջվում էր կոռուպցիոն գործարք։

Դիկտատուրայի պայմաններում 1960-70 թվականներին ապրող Հարավային Ամերիկայի համեմատությամբ նախկին կոմունիստական աշխարհում քիչ էին հիմքերը, որոնց վրա կարելի էր ինչ-որ բան կառուցել։ Դա չի նշանակում, որ նման բան չի ստեղծվի, սակայն դրա համար ժամանակ է պետք։

Ֆուկույամայի կարծիքով, Միացյալ Նահանգները երկու սխալ է գործել։ Առաջինն այն էր, որ ամերիկացիները ենթադրել են, թե դիկտատուրայի տապալումն ինքնին բավական է դեմոկրատիա ստեղծելու համար։ Երկրորդ թերացումն էլ այն էր, որ Ամերիկան պատշաճ աջակցություն չի դրսևորել դեմակրատական հաստատություններ կայացնելու հարցում։

«Կարծում եմ, Միացյալ Նահանգները հատկապես Ռուսաստանի պարագայում կարող էր ավելի ճիշտ գործել առաջին շրջանում` 1990-ականներին, երբ անհրաժեշտ էր քաղաքական ուժերը միավորել ամուր դեմոկրատիա կայացնելու համար», - ասում է վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Կա նաև ՆԱՏՕ-ի ընդարձակման բարդ հանգամանքը։ Մի կողմից, Արևելյան Եվրոպան իսկապես ցանկանում էր միանալ ՆԱՏՕ-ին, բայց, մյուս կողմից, դա ռուսների մոտ թերահավատություն է առաջացրել Արևմուտքի նկրտումների նկատմամբ»։

Ռուսաստանը հիմա գերադասում է իրեն շրջապատել ավտորիտար երկրներով և այդպիսով ինքն ավելի ավտորիտար է դառնում։ Մեկնաբանելով այդ թեման՝ Ֆուկույաման ասում է, թե Ռուսաստանը ցույց է տալիս, որ առողջ դեմոկրատիա կայացրած հարևանների կարիք չունի և դրանով հստակ ուղերձ է հղում սեփական ժողովրդին։ «Դրա մասին են վկայում նաև Մաքսային միություն, միացյալ տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային տարածք ձևավորելու փորձերը», - ասում է Ֆրենսիս Ֆուկույաման։

Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին ընդհանուր առմամբ գեղեցիկ գաղափար է, սակայն գործնականում դա խոհեմ քայլ չի լինի, քանի որ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է և ունի հստակ օրենք. անդամներից մեկի՝ հարձակման ենթարկվելու դեպքում բոլոր մնացած անդամները պարտավոր են նրան պաշտպանել։ «Այդ ամենը հաշվի առնելով՝ իրատեսական չեմ համարում Ոկրաինայի կամ Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին», - ասում է Ֆուկույաման։

«Եվրոպական միությունն այլ խնդիր է, որովհետև ԵՄ-ն ռազմական դաշինք չէ։ Եվրոպացիները կարող են նախկին խորհրդային երկրներին, հատկապես՝ Ուկրաինային, հորդորել շարունակել բարեփոխումները։ Բայց, ի վերջո, թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Եվրոպան աշխարհի այդ հատվածում ազդեցության հզոր լծակներ չունեն»,- ասում է Ֆուկույաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG