Մատչելիության հղումներ

Ալավերդյանի համոզմամբ՝ Ինջիղուլյանի նկատմամբ տեղի է ունեցել ճնշում


Հակոբ Ինջիղուլյանը ադրբեջանական լրատվամիջոցին տված առաջին հարցազրույցի ժամանակ, 12-ը օգոստոսի, 2013թ․
Հակոբ Ինջիղուլյանը ադրբեջանական լրատվամիջոցին տված առաջին հարցազրույցի ժամանակ, 12-ը օգոստոսի, 2013թ․

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքերով՝ դա ցույց է տալիս գերեվարված հայ զինվորի առաջին և երկրորդ հարցազրույցների համեմատությունը:

Զարմանալիորեն, մարդու իրավունքներով զբաղվող որևէ միջազգային կազմակերպություն մինչ օրս չի արձագանքել իրավունքների կոպիտ խախտմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ տեղի ունեցած վերջին դեպքերը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական հեռուստաընկերություններն արդեն երկրորդ անգամ են այսպես կոչված հարցազրույց վարում հայ զինվորի հետ՝ այդպիսով խախտելով Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որով երկրները պարտավոր են ռազմագերուն պաշտպանել հանրության հետաքրքրասիրությունից:

Այս առիթով Լարիսա Ալավերդյանի գլխավորած կազմակերպությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով նամակ է պատրաստել, որը կուղարկվի միջազգային կազմակերպություններին՝ հատկապես նրանց, որոնք 20 տարուց ավելի է իրենց ուշադրության կենտրոնում են պահում զարգացումները հայ - ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Amnesty International-ին, Human Rights Watch-ին, ակնկալելով, ինչպես նշեց Ալավերդյանը, «որ նրանք առնվազն կդիմեն Ադրբեջանին և դա կանեն հրապարակային՝ ի տարբերություն միջազգային Կարմիր Խաչի, որի մանդատը թույլ չի տալիս իրենց հրապարակային որևէ դիտողություն անել»:

Դիմում-նամակի հեղինակները նաև վրդովված են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աշխատանքից, որոնք հայ ռազմագերուն հանդիպեցին գերեվարությունից միայն 12 օր անց, ինչը նույնպես Ժնևյան կոնվենցիայի խախտում է:

Լարիսա Ալավերդյանը հիշեցման կարգով ասաց, որ դեռ 1990-ականներին, երբ դիմել էին Amnesty International-ին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի դեմ բողոքով, միջազգային կազմակերպության միջնորդությամբ երեք ռազմագերի վերադարձավ Հայաստան:

«Կա հնարավորություն, որ միջազգային կազմակերպությունները իրենք կայցելեն, բայց մենք պնդում ենք, որ պետք է լինեն ներկայացուցիչներ Հայաստանից, որովհետև Ադրբեջանը կորցրել է վստահությունը», - ասաց իրավապաշտպանը:

Երիտասարդին երրորդ երկիր ուղարկելու հարցի քննարկման հնարավորության վերաբերյալ էլ Ալավերդյանը նշեց․ - «Երրորդ երկիրը կլինի, հայրենիք վերադառնալը կլինի՝ նախ և առաջ պետք է, որ նա ողջ և առողջ լինի, ընդ որում՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական ճնշումներից զերծ: Այնինչ, միայն տրամաբանական համեմատությունը նրա առաջին հարցազրույցի ու երկրորդ հարցազրույցի ցույց է տալիս, որ այնտեղ տեղի է ունեցել ճնշում»:

«Քանի որ մենք ունենք բացասական փորձ, երբ նույն ձևի այդ հարցազրույցից հետո վրա է հասել մարդու կյանքի կորուստ, ապա մենք տվյալ դեպքում ունենք նախ և առաջ [Ինջիղուլյանի] ողջ և առողջ լինելու խնդիրը», - ընդգծեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG