Մատչելիության հղումներ

Օգոստոսի 24-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, թե «միայն սոցիալական խնդիրներ առաջ քաշելը կա՛մ չնչին հաջողություններ կարձանագրի՝ առանց որևէ էական հարց լուծելու, կա՛մ ի վերջո կհանգեցնի արմատական պահանջների»․ - «Բարոյականության տեսանկյունից նույնպես միայն սոցիալական պահանջներ առաջ քաշելը, մեղմ ասած, խոցելի է: Դրանից սովորական առևտրի կամ շանտաժի հոտ է գալիս: Այսինքն՝ դու գիտես, որ դիմացինդ հանցագործ է, բայց ասում ես՝ «կոնկրետ իմ հարցերը լուծիր՝ սուս կմնամ»: Ցավոք՝ Հայաստանում սա շատ տարածված է: Ընտրությունների ժամանակ էլ էր այդպես: Ամբողջ գյուղերով հավաքվում-ասում էին «մեր գյուղի ճամփան սարքիր կամ սալյարկայի հարցը լուծիր՝ քեզ կընտրենք, չէ՝ ուրիշին ենք ընտրելու»: Կամ մեր շենքի տանիքը նորոգիր՝ հարյուր տոկոսով քեզ կընտրենք, կամ ավելի պարզ՝ «ախպեր, տասը հազար դրամը տուր՝ ընտրենք»: Եվ թող որևէ մեկը պնդի, թե սրանք նույնպես սոցիալական պահանջներ չէին: Արդյունքը տեսնում ենք․ ընտրություններն ավարտվեցին թե չէ՝ ամեն ինչ միանգամից կտրուկ թանկացավ: Ու հիմա նորից գտնվում են մարդիկ, ովքեր միայն սոցիալական խնդիրներ են բարձրացնում: Իսկ իշխանություններին դա ձեռնտու է: Ինչո՞ւ: Որովհետև քանի դեռ հասարակության դժգոհ հատվածի մի մասը միայն սոցիալական խնդիրներ է բարձրացնում, «արմատական պահանջներով» հզոր ալիքը հետաձգվում է»:

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ: Անդրադառնալով ներքաղաքական առաջիկա զարգացումներին՝ Մակեյանը նշում է․ - «Հայաստանում թեժ աշուն, թեժ գարուն տերմինոլոգիան արդարացված չէ. վերջին գոնե 10 տարվա անցած ճանապարհը ցույց է տալիս, որ որ թեժ աշունները, նույնիսկ եթե եղել են, արդյունք չեն տվել։ Այս աշունը, սակայն, տարբերվում է նախորդներից, որովհետև գործընթացներն ընթանում են աշխարհաքաղաքական դաշտում՝ գերտերությունների շահերի բախման կիզակետում են։ Այդ առումով, զարգացումները կախված են ոչ թե հայաստանյան ներքաղաքական կամ քաղաքացիական ակտիվության դրսևորումներից, այլ դրսից ուղղորդված գործընթացներից, որը կարող է ինչ-որ հանգրվանի հասնել, կախված նրանից՝ գերտերությունները կգա՞ն ընդհանուր հայտարարի, թե՞ ոչ։ Եվ այդ դեպքում, դժբախտաբար, մենք կարող ենք հայտնվել լուրջ փորձությունների առաջ»։ Հարցին, թե ինչպես է արտահայտվում գերտերությունների միջամտությունը մեր ներքին կյանքին, Մակեյանը պատասխանում է․ - «Գիտեք, որ նոյեմբերին սպասվում է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը, որին դեմ է Ռուսաստանը՝ կա շահերի բախում, և բնականաբար երկու ուժային կենտրոնների ներկայացուցիչները փորձում են ակտիվացնել քաղաքական դաշտը, քաղաքական գործընթացը տանել իրենց ցանկալի ուղղությամբ»։

«168 ժամ»-ը գրում է․ - «Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ: Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանշական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառնալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին: Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունները սկսվեցին այս տարվա նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց»:

«Առավոտ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ: Զրույցի թեման կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին՝ մեծ աղմուկ հանած օրենքն է: Մուրադյանն այս առնչությամբ ասում է․ - «Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքը կարելի է համարել առաջադիմական քայլ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ: Այն ուղղված է կանխելու խտրականության բոլոր ձևերը սեռային հատկանիշի հիման վրա: Օրենքով, մասնավորապես, ամրագրվում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է, և օրենքը բոլորովին էլ այլասերվածություն չի տարածում, ուստի անհարկի շահարկումներով կարիք չկա հասարակությանը թյուրիմացության մեջ գցել: Այդուհանդերձ, մենք պատրաստակամ ենք համագործակցելու, պարզաբանելու և ընդունելու այն բոլոր խելամիտ առաջարկությունները, որոնք կնպաստեն օրենքում առկա ձևակերպումների էլ ավելի բարելավմանը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG